Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր մանկապարտեզները վերահսկելու են, մանկապարտեզներում կրթական ծրագրերը վերանայվելու են. Արայիկ Հարությունյանի նոր նախագիծը

Հունվար 13,2020 17:23

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մանկապարտեզների դաստիարակները պետք է վերապատրաստվեն, բովանդակային փոփոխություններ են լինելու, վերանայվելու են կրթական ծրագրերը, դրանց իրացման պայմանները:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հարցրեց՝ մարզերում կա՞ պլան, որ մանկապարտեզները անվճար դառնան, ինչպես Երեւանում է: Նախարարը պատասխանեց. «Բացի Երեւանից, մենք ունենք իրավիճակ, երբ ծնողները վճարում են հաճախման համար տարբեր գումարներ: Երեւանի դեպքում ժամանակին առաջարկներ են եղել, որ համավճարով լինի երեխաների հաճախումը, ծնողները նույնպես որոշակի վճարում կատարեն, որովհետեւ մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ պետք է լուծենք աշխատող եւ չաշխատող ծնողների երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցը: Երբ որ մանկապարտեզ հաճախելը ամբողջությամբ անվճար է լինում, հավասար պայմաններ են ստեղծվում աշխատող եւ չաշխատող ծնողների համար, սա որոշակի խնդիրներ է ստեղծում աշխատողների համար: Այսօր սուբսիդավորման հետ կապված հարցը քննարկվում է, հաշվարկները չկան, օրենքի ընդունումից հետո կլինի»:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախարարը պարզաբանեց, որ ներկայումս լուրջ խնդիր կա մասնավոր մանկապարտեզների վերահսկման հետ կապված ու պարզ չէ, թե ինչ կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները, իսկ այս օրենքը թույլ է տալու դա անել. «Մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափենք, երկրորդը՝ չունենք վերապատրաստումերի ինստիտուտ եւ պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ, ինչը նշանակում է, որ 65 թվականին ավարտած (ամենեւին չեմ վիճարկում որակը), 30-40 տարի շարունակ մասնագետը որակավորում չի ունենում, դա նշանակում է լուրջ խնդիր ենք ունենալու կրթության որակի»:

Aravot.am-ը հարցրեց՝ դիտարկվո՞ւմ է մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը, որովհետեւ երբեմն երեխաները տուն են գալիս կապտուկներով ու դժվար է այդ տարիքի երեխաների դեպքում հասկանալ, թե ինչից է ստացել կապտուկը, հնարավոր է բռնության հետեւանք լինի, որը դժվար է ապացուցել: Նախարարը պատասխանեց. «Ես դա վատ պրակտիկա եմ համարում, որովհետեւ մեր երեխաները անընդհատ չպետք է լինեն հսկողության տակ: Ես դա ուսումնասիրել եմ երբ ավագանու անդամ էի, մեկ-երկու մանկապարտեզի դեպքում եղան նման խնդիրներ ու գիտեմ, որ կարգավորումները, ըստ էության դա թույլ չեն տալիս, որովհետեւ երեխան չպետք է մշտապես լինի կամերաների հսկողության տակ, դա առնվազն հոգեբանական խնդիր է առաջացնում»:

Ինչ վերաբերում է բռնություններին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Գոնե վերջին 1,8 ամսվա ընթացքում, որ ղեկավարում եմ նախարարությունը, բռնության առումով կամ շատ քիչ բողոք ենք ստացել, կամ չենք ստացել: Վերջին ամիսներին գոնե չեմ հիշում, որ նման դիմում ստացած լինենք: Երբ լինում է, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դրան դարձնում եւ հետեւում ենք, թե դա ինչի հետեւանք կարող է լինել, միջոցներ ենք ձեռնարկում: Այդ հարցին վերապատրաստումները շատ են օգնելու: Կան նորագույն մեթոդներ, որոնք կօգնեն մեր դաստիարակներին նախադպրոցական ուսումնական հաստատություններում ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ»:

Հարությունյանն ասաց, որ այս օրենքով վերահսկելու են կրթական ծրագրերը, երբ մանկապարտեզներում երեխային սովորեցնում են էլ անգլերեն, էլ ռուսերեն, տարբեր ծրագրերով ծանրաբեռնում, երբ երեխան իրականում խաղալու, խաղերի միջոցով կրթության կարիք ունի: Չպետք է մանկապարտեզում անցնի այն, ինչ դպրոցում անցնում է, նրա համար դպրոցն այլեւս հետաքրքիր չի լինի. «Երեխան գնում է առաջին, երկրորդ դասարան, գիտի ամբողջ ծրագիրը մաթեմատիկայից, լեզուներից ու այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը: ժամանակից շուտ երեխային պետք չի: Հաճախ ծնողները կարծում են՝ ինչքան շատ խմբակներ տանեն երեխաներին, այնքան շուտ կզարգանան: Իրականում դա այդպես չէ, խնդիրներ են իր համար ստեղծում դպրոցում: Ու առաջին օրվանից երեխան թերահավատություն ունի դպրոցի նկատմամբ, իր համար հետաքրքիր չէ, քնում է, հորանջում է, այլ բաներով է սկսում զբաղվել»:

Հարցին՝ փակելո՞ւ եք կրթական ծրագրերը մանկապարտեզում՝ նախարարն ասաց, որ ոչ, պետք է հավասարակշռեն:

Նախարարը խոսեց նաեւ դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման հետ կապված խնդիրներից, խախտումներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031