Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովհաննես Մովսիսյանին հավանաբար դուք ավելի շատ եք ճանաչում, քան ես». Ստեփան Սաֆարյան

Հունվար 13,2020 16:51

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը կիբերանվտանգությունը չի դիտարկում միայն ֆեյքերի ու ֆեյք լուրերի համատեքստում: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ մի կողմից կարևորում է ազատ խոսքի ծավալումը, բայց քաջատեղյակ է կիբերանվտանգության ոլորտում աշխարհում գոյություն ունեցող խնդիրներին:

Նա մանրամասնեց. «Չեմ ուզում ասել, որ պետությունը, կառավարությունը պետք է գնա կոշտ մեթոդների՝ կարգավորելու ինֆորմացիոն հոսքերը: Բայց այն, որ աշխարհի բոլոր երկրներն արդեն իրենց մաշկի վրա զգում են ֆեյքերի բացասական ազդեցությունը, ինչը կարող է լրջագույն խնդիր ստեղծել հանրության անվտանգության համար, դա էական է: Կարող ենք, այսպես ասած, հայեցակարգ ներկայացնել, որը կշոշափի ՀՀ տեղեկատվական անվտանգության և նաև ֆեյքերից պաշտպանության հարցեր»:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ իրավապահ մարմինների կարողությունները չափազանց անհամապատասխան են մնում նման կարգի վտանգները չեզոքացնելու համար: Նա վստահեցրեց՝ անընդմեջ պատժելով՝ երևույթը չի կարգավորվելու, բայց կանոնակարգեր պահանջվում են:

Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ որևէ առնչություն չի ունեցել և չի կարող ունենալ ՀՀ կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի հետ ու շարունակեց. «Հովհաննես Մովսիսյանին հավանաբար դուք ավելի շատ եք ճանաչում, քան ես, որքան էլ քաղաքական գործիչ կամ փորձագետ առնչվել եմ նրա հետ»:

Լրագրողների հիշեցմանը՝ Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին գրառում էր կատարել, որտեղ նշում էր, որ Ստեփան Սաֆարյանը ՊՈԱԿ-ի աշխատակից է և իրեն հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» գրել է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ որ խմբագրի մասին՝ Բորիս Մուրազին է: Նա նշել է, թե նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցը հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել. «Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը»։

Ստեփան Սաֆարյանը չցանկացավ Բորիս Մուրազիի գործունեության մասին որևէ բան ասել ու նշեց. «Իմ և Բորիս Մուրազիի միջև նախկինում տեղի է ունեցել մի զրույց, որը վերաբերել է կոնկրետ այդ ԶԼՄ-ի կողմից ՀՀ-ի համար լրջագույն խնդիրներ ստեղծելուն: Եթե պարոն Մուրազին համաձայն է, ես կբացահայտեմ այդ զրույցի արդյունքները, թե ինչպես իր կողմից հորինված՝ Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը մեծագույն խնդիրներ էր հարուցել հայ-իրանական հարաբերություններում: Զգուշացնում եմ՝ հարգելի՛ երիտասարդ, Դուք ազատ եք իսկապես շահարկել ցանկացած խնդիր, ազատ եք ծավալելու ցանկացած գործունեություն՝ անգամ ձեր լրատվությանը ընդդիմադիր երանգ հաղորդելով, բայց մի ստեղծեք վտանգներ ՀՀ անվտանգության համար: Ես դրա մասին պատմել եմ նաև Հանրային հեռուստաընկերության հաղորդման ընթացքում առանց անուններ նշելու: Հիմա ստիպված եմ հայտարարել, որ տվյալ միջադեպը կապված է եղել Բորիս Մուրազիի և politik.am-ի հետ:

Իսկ կայքը կոտրելու հետ կապված դատապարտում եմ որպես ՀԽ նախագահ: Գտնում եմ, որ ցանկացած մեկիս ազատության մյուս երեսը պատասխանաատվությունն է հանրության և մեր խղճի առջև: Իմ գործունեությունը երբեք չի ներառել ոչ էջեր ջարդելը, ոչ տիրապետում եմ այդ մեթոդներին, ոչ էլ առնչություն եմ ունեցել ոչ նախկին, ոչ ներկայիս ՊՈԱԿ-ի հետ, չեմ էլ ուզում ունենալ, քանի որ դա իմ դաշտը չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031