Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Հունվար 13,2020 16:32

Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:

30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան:

Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց:

1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին: Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց հասնել իրենց նպատակին՝ 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ՝ իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:

Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով: տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը

Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:

Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031