Aravot.am-ն այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ ինչո՞ւ դուք այլեւս մետրոյով չեք երթեւեկում: Նա պատասխանեց. «Ես մետրոյով եմ երթեւեկում շաբաթ-կիրակի»: Մեր զարմանքին, որ ո՞նց չենք նկատում, երեւի չեք նկարվում՝ նա պատասխանեց. «Ես չեմ նկարվել երբեք: Դա քաղաքացիներն են նկարել: Ես շաբաթ, կիրակի օրերին շատ քիչ եմ օգտվում կամ չեմ օգտվում ծառայողական մեքենայից: Երբ որ այդ մետրոյի հրապարակումն եղավ, ես ասուլիսներից մեկի ժամանակ ասացի՝ ժողովուրդ ջան, ես հիմնականում օգտագործելու եմ ծառայողական մեքենա ու դա շատ հստակ եմ ասել: Դա արագություն է: Երբ ժամանակը չի սեղմում, դուք ինձ հաճախ կարող եք տեսնել ոտքով գնալիս տարբեր գերատեսչություններ: Ես ծառայողական մեքենայի մոլուցք չունեմ, էլի, դա պարզապես անհրաժեշտություն է եւ ժամանակի խնայում: Իրականում այդ ժամանակի խնայումը թույլ է տալիս, որ պետությունը շատ ավելի մեծ ռեսուրսներ խնայի նախարարի օպերատիվ աշխատանքի արդյունքում»:
Դիտարկմանը, որ թվաց՝ մետրոյում ձեր նկարը PR ակցիայի արդյունք էր ու հիմա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, էլ չենք տեսնում՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես ձեզ կարող եմ ասել, որ դա որեւէ կերպ ինձ հետ առնչություն չի ունեցել, քաղաքացիները նորանշանակ նախարարին տեսել են մետրոյում եւ ուրախացել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ