Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյանը դիտողություն արեց Արայիկ Հարությունյանին՝ «հարյուրավոր կետադրական, շարահյուսական սխալներով, լատինատառ նշաններով» նախագիծ բերելու համար

Հունվար 13,2020 16:20

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը դիտողություն արեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ասելով. «Եթե ծայրից ծայր կարդացել եք օրենքը, բազմաթիվ, եթե չասեմ հարյուրավոր տառասխալներ, շարահյուսական սխալներ, կետադրական սխալներ, լատինատառ կետադրական նշաններ կան, կարծում եմ, գոնե առնվազն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը պետք է այդպիսին չլիներ, պետք է այս հարցին անդրադառնալ: Ես ձեզ կարող եմ անգամ նշումներով տալ, որ հասկանաք»:

Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ կարեւոր է, թե որտեղից եք վերցրել այդ տեքստը. «Ես ձեր կայքից վերցրել եմ վերջնական տարբերակը եւ մի անգամ էլ անցել եմ, դրանք չեմ նկատել: Ենթադրում եմ, որ խմբագրված տարբերակն այնտեղ դրված է»:

Իվետա Տոնոյանը նախարարին նաեւ հարց ուղղեց մանկապարտեզների հերթերի հետ կապված, նա ասաց, որ թեւավոր խոսք է ձեւավորվել, որ մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար էր դարձել, քան համալսարան ընդունվելը, այս խնդիրը կարգավորելու համար ի՞նչ է արվել:

Նախարարը պատասխանեց, որ Երեւանում հերթերը կապված էին նրա հետ, որ գրանցման թափանցիկությունն էր բացակայում. «Երբ ես Երեւանի ավագանու անդամ էի, ձեռնամուխ եղա այդ խնդրի լուծմանը, ամիս-ամիս համակարգը ստեղծվեց: Քաղաքապետարանում հիմա ամբողջությամբ թափանցիկ է, բոլորը տեսնում են ում հերթն է մոտենում, գրանցումն ինչպես է լինում: Գրանցումներում կոռուպցիան, եթե չասեմ ամբողջությամբ կզրոյանա, նվազագույնի կհասցվի: Երբ մենք առաջին դասարանցիների գրանցման համակարգը ամբողջությամբ ներդնենք,այդ համակարգը կներդնենք նաեւ նախադպրոցականների համար»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ անցյալ տարի 18 նախակրթարան է բացվել, սուբվենցիոն ծրագրերով էլ տարածքային կառավարման նախարարության ջանքերով էլ են բացվել, այս տարի պատրաստվում են նույնքան բացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031