«Հանրային խորհրդի ամենաառաջին անելիքը մշտական գործող հասցե ունենալն է»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ 2019-ի մարտից մինչև այս տարվա մարտ կառույցը տեղակայված է եղել Բուզանդի 3 հասցեում, բայց մեկ տարի ժամկետով: Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախկինում Հանրային խորհրդին առաջարկվել է տարածքի առնվազն երկու տարբերակ, որոնք չեն ընդունվել: Այս առիթով նա մանրամասնեց. «Առաջարկություններից մեկը եղել է կառավարական շենքերից մեկում մշտական կեցավայր ունենալը: Այս կապակցությամբ իմ նախագահությամբ վերջին նիստին հիշում եք պարոն Սադոյանի առարկությունը, թե ցանկալի չէ, որ ռեժիմային հիմնարկ լինի անցագրերով: Առաջարկներից մյուսը Սարյան փողոցի հատվածում է եղել, դա էլ չի ընդունվել, պատճառները չգիտեմ»:
Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր հանձնաժողովների անդամների հետ իր քննարկումները բերել են այն մտքին, որ տեղը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ կարողանան շատ օպերատիվ և արագ հավաքվել այդ տարածքում և այն հասանելի լինի հանրությանը:
Հանրային խորհրդի նախագահն ասաց, որ առաջիկայում վարչապետին կներկայացնեն Հանրային խորհրդի անելիքների փաթեթ, որում ներառված կլինեն կեցավայրի, կառույցի գործառույթների և գործողությունների հարցերը:
Կարդացեք նաև
Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ցանկանում են ունենալ իրենց ներկայացուցչությունները մարզերում:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ՀԽ մի քանի անդամների կարգավիճակի հետ կապված հարցերը դեռևս մնում են. «Ունենք գործընկերներ, որոնք յոթ-ութ ամիս նշանակված լինելով՝ չեն եկել ՀԽ աշխատանքներին մասնակցելու: Պիտի հասկանանք՝ ինչպես են իրենք իրենց գործունեությունը պատկերացնում: Ունենք երկու թափուր տեղ. Լարիսա Ալավերդյանը և Հարություն Մեսրոպյանը ներկայացրել են դիմումներ ՀԽ-ից դուրս գալու վերաբերյալ: Առաջիկայում մինչև հունվար կունենանք հանձնաժողովի նախագահ և կառավարության կողմից նշանակված անդամ»:
Լրագրողների փաստմանը՝ ՀԽ նախագահի կարևոր գործառույթներից է ցուցաբերել քաղաքական չեզոքություն, նա պահպանո՞ւմ է այդ չեզոքությունը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Քաղաքական չեզոքություն նշանակում է չզբաղվել կուսակցական գործունեությամբ, չլինել ներքաղաքական իշխանության համար մղվող պայքարի գործընթացի մաս: Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, ՀԽ ներգրավվել եմ որպես փորձագետ: Քաղաքական չեզոքությունը վերաբերում է կոնկրետ մասնագիտական կարծիքներ հայտնելուն հանրային փորձաքննության շրջանակներում: Չեմ ուզում այլ խոստումներ տալ, բայց առաջին հերթին քաղաքական մասնագիտական չեզոքություն պահպանելն ինձ համար է կարևոր: Ինձ համար շատ ավելի թանկ բան է պահպանել քաղաքագետի ինքնությունը: Ինձ որևէ քաղաքական գործընթաց չի գայթակղում, մեծ քաղաքականություն մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունեմ»:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ «Կոմանդոսի»՝ ՀԽ անդամակցությունը դադարեցնելու մասին Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, թե պաշտոնապես Արկադի Տեր-Թադևոսյանի դիմումը անդամակցությունը դադարեցնելու հետ կապված դեռ չկա: Նա ասաց. «Շատ հարգում եմ գեներալին, մինչև ՀԽ-ն էլ լավ գործընկերներ ենք եղել, ինքը պարբերաբար մասնակցել է մեր քննարկումներին: Բայց ինձ համար մի տեսակ տպավորություն կա, որ պարոն Տեր-Թադևոսյանն էլ իրեն իր ափսեում չէր զգում: Կփորձեմ խոսել նրա հետ, հասկանալ պատճառները: Եթե իսկապես իր որոշումը վերջնական է, միգուցե մեզ մնա բարի ճանապարհ մաղթել և համագործակցել որպես արդեն հանրությանը շատ երևելի դեմք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ