Լրահոս
Օրվա լրահոսը

Անտուն մնացած Արամի 23-ի բնակիչ. «Քաղաքապետը գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞ց, թե ինչ եղավ»

Հունվար 13,2020 16:04

«Հոդված 3» ակումբում կայացած քննարկմանը, որ նվիրված էր Արամի 23 և մյուս պատմամշակութային շենքերի խնդրին, ներկա էր նաեւ Արամի 23 շենքի բնակարան 3-ի բնակիչ Մադլենա Սարոյանը: Նա ասաց, որ 2019թ հունվարի 11-ից անտուն է մնացել: «Հունվարի 13-ին քաղաքապետը հայտարարեց, որ ինքն այդտեղ կողմ հանդիսանալ չի կարող: Մեկ տարի է՝ ապրում եմ իմ սեփական գումարով վարձած բնակարանում: Իմ տունը քանդվել է, ես չունեմ գույք, չունեմ ոչինչ: Ամեն ինչը մնացել է փլատակների տակ: Քաղաքապետի օգնական Կարենը հայտարարում է, որ իմ տան մի հատվածն է քանդվել, մինչդեռ ամբողջ մեկ սենյակը քանդվել է, խոհանոցը չկա, ննջարանի պատի կեսը չկա: «Ի Էմ Սի» կազմակերպությունը, որ նախկին «Գլենդել Հիլզն» է, որն անտուն թողեց Արամ, Բյուզանդ փողոցի բնակիչներին, կտրականապես հրաժարվում է ինձ վարձի գումար տրամադրել»,-Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին գանգատվեց տիկին Մադլենան:

Նա ասաց, որ ունի ձայնագրություն, որի մասին տեղյակ է «Ի Էմ Սի»-ի տնօրենը, որը տիկնոջ վկայությամբ ասել է, թե իրենք չեն ցանկանում բնակարան տրամադրել, որովհետեւ ինքն իր սեփականությունից չի հրաժարվել եւ առաջարկել է նոտարով պայմանագիր կնքել:

Տիկին Մադլենան կրկին դիմեց Հակոբ Կարապետյանին. «Մեկ տարվա ընթացքում դուք որեւէ անգամ որեւէ բնակչի մասին մտածե՞լ եք: Հարցրեցի՞ք բնակիչը որտեղ է բնակվում, թե՞ կարող եք միայն գույքահարկ վերցնել եւ աղբահանության գումար պահանջել: Քաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ աշխատակից գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞ց, թե ինչ եղավ, երբ նամակ եմ գրել ու հեռախոսազանգեր արել»: Տիկինը հայտնեց, որ մեքենա է վարձել եւ առաջարկեց ասուլիսից հետո բոլոր լրագրողներին այցելել իր քանդված տան տարածք. «Տեսեք այդ բնակարանում ապրել կլինի, թե՞ չէ»:

Հակոբ Կարապետյանն ասաց, որ շատ ցավում է, որ քննարկմանը ներկա չէ «Ի Էմ Սի»-ի ներկայացուցիչը, որպեսզի տիկինն իր հարցերն ու դժգոհությունները ուղղի հասցեատիրոջը, ինչ վերաբերում է քաղաքապետարանին, խնդիրը նրա ասելով, քաղաքապետարանի տիրույթում չէ:

Տիկին Մադլենան հավելեց, որ դատական գործ է ընթանում եւ դժգոհեց, որ քաղաքապետարանը չի կանգնում բնակչի թիկունքին, եւ բնակիչը միայնակ է մնում խոշոր տնտեսվարողի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031