Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական երկրաշարժ Իրանում և հետցնցումները աշխարհում

Հունվար 13,2020 15:42

Ինչպես ենթադրվում էր՝ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ԱԹՍ-ների կողմից Բաղդադի օդանավակայանի մոտակայքում իրականացրած հարձակումը, որի հետևանքով սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսը, մեծ ցնցում առաջացրեց Մերձավոր Արևելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դաշտում: Մասնավորապես այդ հարձակումը հանգեցրեց Իրանի կողմից անկանխատեսելի վրեժխնդրական գործողությունների իրականացմանը Իրաքում, որը մեծ ազդեցություն թողեց թե՜ տարածաշրջանում և թե՜ ներքին քաղաքական ասպարեզում։

Ինչպես հայտնի է՝ դեպքից մի քանի օր անց հունվարի 8-ի վաղ առավոտյան, ԻՀՊԿ օդուժը հրթռիակոծեց Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի և իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանության:

Մյուս կողմի,ց երկրի քաղաքական ներքին դաշտում, ստեղծված առիթը օգտագործելով, և չնայած չափավոր իշխանության տարած ջանքերին իրավիճակն հանդարտեցնելու ուղղությամբ, պահապանների կորպուսի և հոգևոր իշխանության պահպանողական ուժերի ճնշման տակ հունվարի 5-ին, Իրանը հայտարարեց, որ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության, Թեհրանը սկսում է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման հինգերորդ ու վերջնական քայլը, որի համաձայն՝ Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակություն չունի ուրանի հարստացման, հարստացված նյութերի քանակի և հետազոտության ու զարգացման ոլորտներում: Սակայն կրկին փախուստի ճանապարհը բաց թողնելու նպատակով՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշեց, որ բոլոր արված քայլերը կվերականգվեն, եթե դիմացի կողմերը կատարեն ՀԳՀԾ-ով սահմանված իրենց պարտավորությունները: Մոհամեդ Ջավադ Զարիֆի այս հայտարարությունը վկայում է, որ Իրանի նախագահ Ռոհանին դեռ հույս ունի, որ կարող է փրկել ՀԳՀԾ-ն և այսպիսով հույս ունենալ Արևմտյան երկրների աջակցության վրա երկրի քայքայված տնտեսությունը գոնե ամերիկյան կողմի ճնշումներից ազատելու համար։ Սակայն, փաստորեն պետք է ասել, որ վերջին օրերի դեպքերի զարգացումը դագաղի վերջին մեխը խփեց ՀԳՀԾ-ի վրա։

Հատկանշական է, որ Ղասեմ Սոլեյմանին նախքան սպանվելը իր ելույթներից մեկում՝ ՀԳՀԾ-ի հարցի վերաբերյալ ասել է, որ Իսլամական հանրապետության թշնամիները փորձում են ՀԳՀԾ-2 համաձայնությամբ քանդել իսլամական շարժումները և որ ԱՄՆ-ը ցանկանում է շարունակել այդ ճանապարհը մինչև ՀԳՀԾ-3 համաձայնությունը:

Այժմ, երբ սպանվել է՝ Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ոչ միայն ՀԳՀԾ-2- և ՀԳՀԾ-3-ի հեռանկարն է դարձել ավելի մութ, քան նախկինում էր, այլև, կարծես, ՀԳՀԾ-ն այլևս կորցել է իր արժեքը թեԻրանի և թե Արևմուտքի համար, որպես հետագա բանակցությունների հենակետ:

Սակայն, այս ամենին ավելացավ նաև մեկ այլ բարդ հանգույց և դա «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության պատկանող մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի կործանումն էր Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, ԻՀՊԿ-ի ՀՕՊ համակարգի հարվածի հետևանքով։ Չնայած Իրանի պաշտոնյաները սկզբում հերքեցին ուկրաինական ինքնաթիռի խոցման գործում Իրանի ՀՕՊ ուժերի դերակատարության մասին տարածված լուրերը, սակայն Միացյալ Նահանգների՝ ԿՀՎ կողմից արված բացահայտումն այդ կապակցությամբ հանգեցրեց միջազգային մեծ սկանդալի Իրան-Արևմուտք հարաբերություններում։

Խնդրի բացահայտումից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց․ «Տեղեկություն ունենք տարբեր աղբյուրներից, ներառյալ մեր և դաշնակիցների հետախուզությունը: Այն վկայում է, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» հրթիռի կողմից»։ Կանադայի, Ուկրաինայի ղեկավարների և գլոբալ հանրության ճնշման տակ, վերջապես Իրանի պաշտոնյաները որոշեցին լռությունը կոտրել և հունվարի 11-ին, ԻԻՀ ընդունված քաղաքական վարքագծին հակառակ՝ ԻԻՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածելով նշեց. «Հաշվի առնելով տարածաշրջանի երկնքում օդային երթևեկության աննախադեպ աճը, Իրանի զինված ուժերը բերվել էին ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի՝ հավանական սպառնալիքներին պատասխանելու համար: 752 թռիչքն իրականացնող ուկրաինական օդանավը Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, մոտեցել է ԻՀՊԿ ստորաբաժանումների օդային տարածքին։ Արդյունքում, մարդկային սխալի ու ոչ դիտավորյալ կերպով, ինքնաթիռը խոցվել է ԻՀՊԿ-ի ՀՕՊ հրթիռով»:

ԻԻՀ պաշտոնյաների այս դիրքորոշումը մտածելու տեղիք է տալիս, թե ի՞նչ հանգամանքների ու քաղաքական նկատառումների արդյունքում նրանք որոշեցին ընդունել դառնաղետ դեպքի պատասխանատվությունը։ Չնայած ԻՀՊԿ-ը փորձեց ի պատասխան՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության Իրաքում հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ—ի ռազմական բազաներին, որի արդյունքում փաստորեն ոչ մի մարդկային կորուստ և ռազմատեխնիկական վնաս չպատճառվեց ամերիկացիներին, այլև Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած դեպքը հանգեց Իրանի և այլ երկրների քաղաքացիների կյանքի մեծ կորստին։ Սա՝ ահավոր խայտառակություն էր Իրանի իշխանությունների համար, սակայն նրանք փորձեցին Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ իրականացրած հրթիռային հարվածների քարոզչական աղմուկի ստեղծված մթնոլորտում կոծկել Թեհրանի օդանավակայանում խոցված ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքը։

Ուկրաինայի ինքնաթիռի կործանումից հետո Իրանի քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վթարի պատճառները թաքցնելու ջանքից երեք օր հետո, ինչպես միջազգային հանրության և լրատվամիջոցների ճնշման տակ Իրանն ընդունելով կատարվածի պատասխանատվությունը, այն հարուցեց իրանցիների վրդովմունքը և հունվարի 11-ին Թեհրանի համալսարանի ուսանողները և Իրանի մի քանի այլ քաղաքների բնակիչները կրկին դուրս գալով փողոցները՝ բողոքի ցույցեր անցկացրեցին իշխանության ստախոսության դեմ։ Սա շատ ավելի մեծ հաղթանակ էր Սպիտակ Տան համար, քան ԱՄՆ նախագահը նախատեսել էր տնտեսական ճնշումներով պարտադրել Իսլամական համակարգին ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել միջազգային հանրության նկատմամբ։

Սակայն իրականում, ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, ոչ այլ ինչ էր՝ բացի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զգացվող տնտեսական վտանգի ահազանգը։ Հաշվի առնելով, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը կառուցվել է ԻՀՊԿ-ի նախաձեռնությամբ ու ֆինանսական ներդրմամբ և վերջին 15 տարիների ընթացքում օդանավակայանը կառավարվում է ուղղակի պահապանների կորպուսի միջոցով, իսկ մյուս կողմից գաղտնիք չէ, որ ԻԻՀ-ը երկար տարիներ է իր սպառազինական պահանջների մի մասը գնում է Ուկրաինայից և Բելառուսից, հետևաբար միջազգային ճնշումների տակ և այն հավանականությունը նկատի առնելով, որ Արևմտյան երկրները սպառնացել էին դադարեցնել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն՝ Իրանի օդային տարածքում, զարմանալի չէ, որ ԻՀՊԿ-ը նյութական վնասները կանխելու նպատակով պատրաստ եղավ հռետորական ոճով և մեղքը կրկին ուրիշների վրա բարդելով, դիվանագիտական շրջադարձ կատարել և ընդունել ուկրաինական ինքնաթիռի կործանման ամբողջական պատասխանատվությունը։ Դա նվազագույն ռիսկն էր, որը կարող էր փրկել Իրանի իշխանություններին նյութական մեծ կորուստներից։

Զգալով ստեղծված իրավիճակի ծանրությունն Իրանի համար, Դոնալդ Թրամփն, անմիջապես հակագրոհի անցնելով, դիմեց ևս մի խորամանկ քայլի։ Հունվարի 10-ին ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ 8 պաշտոնյաների և պողպատ արտադրող 17 կազմակերպությունների անունները, որոնք արդյունահանում են պողպատ և Չինաստանում գործող մեկ կազմակերպությունների ցանց, որը զբաղվում է իրանական պողպատի արտահանմամբ ներառվել են պատժամիջոցների ցանկում:

Այժմ Թրամփը, հենվելով վերջին հինգ օրվա ընթացքում ձեռք բերած քաղաքական կապիտալի վրա, ասում է, որ այլևս չի մտածում բանակցությունների մասին և միջուկային զենքի հասանելիության արգելումն է ընդգծել՝ որպես կարմիր գիծ Թեհրանի առջև: Նա նաև գնդակը գցեց Իրանի գետնի վրա բանակցությունների համար:

Իրանի ներսում կրկին ծայր առած բողոքի ցույցերի ֆոնին, Սպիտակ տունը առիթն օգտագործելով դիմեց երկրորդ քայլին և հակառակ ԱՄՆ-ի նախագահի նախկին հայտարարության, որում Իրանի հրթիռային հարձակումից հետո ԱՄՆ-ի նախագահն ասել էր ամեն ինչ լավ է, այս անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն լեզվով Twitter-ում գրառում է կատարել ասելով․ «Քաջ և տառապող իրանցի ժողովրդին. Ես իմ նախագահության հենց սկզբից աջակցում եմ ձեզ, և իմ կառավարությունը կշարունակի աջակցել ձեզ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր բողոքին: Ձեր համարձակությունը ոգեշնչող է»:

Թերևս զգալով Իրանի ներսում տեղի ունեցող զգալի փոփոխությունները, և իշխանությունների դիրքերի թուլացումը հասարակության շրջանում, Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը պետք է գնահատել բացառիկ և եզակի ուղերձ, վերջին 4 տարվա նրա նախագահության ընթացքում, քանի որ նա մինչ այժմ ավելի քիչ էր փորձել ուղղակի ուղերձ հղել Իրանի ժողովրդին և ընդհանրապես խոսքն ուղղել էր Իրանի հոգևոր իշխանություններին՝ բանակցության կոչով կամ տնտեսական սպառնալիքների ու ճնշումների պնդումներով։

Հաշվի առնելով, որ բենզինի գների ավելացման հետ կապված 2019 թ․-ի նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերին չեին մասնակցել իրանցիների միջին խավը, սակայն ուկրաինական ինքնաթիռի խոցվելու դեպքից հետո Թեհրանի կենտրոնում և Իրանի այլ մեծ քաղաքներում բողոքի ցույցերին արդեն միացել են կրթված էլիտար խավն ու միջին դասակարգի ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ստրատեգները այս անգամ կփորձեն ԱՄՆ-Իրան հակամարտության խաղի դաշտը տեղափոխել հասարակության հարթակ, որի պարզ վկան է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։

Այժմ Իրանի առաջ կա երկու տարբերակ՝ խաղադրել ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքի վրա, որն արդեն դարձել է հոգևոր պահպանողական իշխանության հիմնական և ընդունված քաղաքականությունը և երկրորդ փորձել պահպանել ստատուս-քվոն Եվրոպայում, քանի որ ԱՄՆ-ն ավելի է մոտենում առավելագույն ճնշման ռազմավարություն արդյունքներին, դրան գումարած հասարակական բողոքների վրա նոր քաղաքականություն ձևավորելու ռազմավարությունը, որը կարող է վտանգի ենթարկել իսլամական համակարգի գոյությունը, հետևաբար ԻԻՀ իշխանության չափավոր ղեկավարությունը կփորձի շարունակել բանակցությունները Արևմտյան կողմերի հետ, որպես ընտրության և համակարգի փրկության երկրորդ ուղին:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031