Անցյալ տարի էլ ՊԵԿ աշխատակիցներին պարգեւավճարներ է տվել, որը կազմել է 5.8 միլիարդ դրամ: Այսօր այս տեղեկությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, որը ներկայացրեց անցյալ տարվա արդյունքները:
ՊԵԿ ղեկավարի կարծիքով, այս անգամ պարգեւավճարները հանրության սուր քննադատությանը չարժանացան այնպես, ինչպես նախորդ անգամ, քանի որ մեր քաղաքացիները հասկացել են կառավարության որդեգրած քաղաքականությունը: Դավիթ Անանյանի խոսքով. «Մենք հանրության հետ երկխոսելու եւ մարդկանց որոշակի մտքեր հայտնելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության շրջանում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի, եւ լավ տեղ չի տանում։ Մենք կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա մասնավոր հատվածի միեւնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դավիթ Անանյանն ասաց, որ համակարգից 967 աշխատակից ազատվել է. մի մասը սեփական դիմումի համաձայն, մյուս մասը՝ կրճատումների արդյունքում:
ՊԵԿ նախագահն ասաց, որ պարգեւավճարներով խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետների արտահոսք չլինի. «Հաշվետու տարում մեր կադրերը համալրել ենք 600 աշխատակցով։ Սերնդափոխություն կարողացել ենք անել, բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, ունեցել ենք փորձառու աշխատողներից ազատման դիմումներ, որոնք աշխատանքի են անցել մասնավոր հատվածում», – ասաց Դավիթ Անանյանը:
Հարցին՝ կաշառքի գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաներն արդյոք նախորդ իշխանություններից մնացած աշխատակիցնե՞ր էին, թե՞ նոր կառավարության օրոք աշխատանքի ընդունված, եւ արդյոք սա չի վկայում, որ պարգեւավճարներն ու բարձր աշխատավարձերն էլ չեն օգնում, Դավիթ Անանյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել՝ որ իշխանությունների օրոք են նրանք ՊԵԿ-ում աշխատել: ՊԵԿ ղեկավարը կաշառք վերցնել-չվերցնելը պայմանավորեց պաշտոնյայի արժեհամակարգով. «Երբ որ միջին վիճակագրական արժեքային համակարգը անձի մոտ դեռեւս ձեւավորված չէ կամ շատ հեռու է ձեւավորման առումով, եկամուտը որեւէ ձեւով չի կարող օգնել: Մեզ համար բացարձակ կապ չունի՝ հին, թե նոր աշխատողներ էին այդ անձինք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ