Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան. «Շենքը մնացել է ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»

Հունվար 13,2020 15:14

Արամի 23-ի շուրջ ստեղծված իրավիճակը Երևանում քանդման եզրին գտնվող պատմամշակութային մյուս կոթողներին անդրադառնալու ևս մեկ առիթ է։ Ի՞նչ ճակատագիր կունենան մյուս շենքերը, ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները լուծել հներից ժառանգած քաղաքաշինական խնդիրները, այս և այլ հարցերին էր նվիրված «Հոդված 3» ակումբում հունվարի 13-ին կայացած քննարկումը: Քննարկման խորագիրն էր «Միջազգային ճանաչում ունեցող երգչախմբի անորոշ վիճակը, Արամի 23 և մյուս պատմամշակութային շենքերի խնդիրը նոր Հայաստանում»։

«Թե ինչ վիճակում է գտնվում շենքը, կարող են տեսնել բոլորը… փլուզված, քանդված: Երբ Արամի 23-ը փլուզվեց, Արթուր Մեսչյանն ասաց, որ դա անհեթեթ քաշքշուկների հետեւանք է եղել: Ես կարող եմ ասել, որ շենքը չի վերակառուցվում կամ անհեթեթ քաշքշուկների հետեւանքով կամ միտումնավոր»,-ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Նա շեշտեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչները» իր նմանը չունի աշխարհում, ու թեեւ այն միշտ պատիվ է բերել Հայաստանին, սակայն այժմ տուժում է, քանի որ երգչախումբը զրկված է իր շենքից, լիարժեք պարապելու հնարավորություններից:

Հեքեքյանը հիշեցրեց, որ բոլոր ատյաններին ի սկզբանե դիմել են, երբ շենքի պատը սկսել է շարժվել, սակայն ապարդյուն: Նրա խոսքերով, միակ կառույցը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է եղել, որը միշտ փորձել է պայքարել շենքի համար:

«Այո, ինչ-որ բաներ արվում են, բայց միեւնույն է` շենքը մնացել է ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»,-ասաց մաեստրոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ նախարարությունը շենքի պահպանման ջատագովն է եղել անգամ այն ժամանակ, երբ խոսք էր գնում հուշարձան շենքերը տեղափոխվելու մասին. «Վերջին նախագիծը մեկ-երկու ամիս առաջ է ներկայացվել: Նախարարությունը վերականգնման նախագծին դրական եզրակացություն է տվել, այժմ խնդիրը քաղաքապետարանի ու քաղշինի տիրույթում է… Խնդիր կա շենքի հարեւանի հետ, որի տանիքը ագուցված է Արամի 23-ի հետ: Մի քանի կնճռոտ հարցեր միավորված են այդ շենքի եւ տարածքի շուրջ` իրացման, կառուցապատողի եւ շինթույլտվության»

Ճարտարագետ Դավիթ Նահատակյանի խոսքով, կնճռոտ հարցերից մեկն այն է, որ հնգակողմ պայմանագիր է կնքվել, սակայն պայմանագրով նախատեսված վճարումը չի կատարվել: «Առաջին փուլով նախատեսվում էին անհրաժեշտ միջամտություններ, որ փոսորակը ամրակայվի, եւ շենքը չշարունակվի քանդվել»,-հավելեց նա: Ապա ասաց, որ վճարում առայսօր չի կատարվել, թեեւ առաջին փուլի ժամկետը վաղուց լրացել է: Այդ 5 կողմերն են կողմերն են` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանր, «Ի Էմ Սի» կազմակերպությունը, ճարտարապետական կազմակերպությունը եւ Տիգրան Հեքեքյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ տվյալ պարագայում գործ ունեն անվանումների նույնության հետ, որ շփոթ է առաջացնում: «Երգչախմբի ճակատագիրը պետք է տարանջատել շենքի ճակատագրից: Համայնքի համար երգչախումբը կարեւոր նշանակություն ունի, քաղաքապետարանը իր տիրույթում փորձել է հարցին լուծում տալ, քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպություններ կան, որոնք սեփական հասցե չունեն:

Արամի 23-ի պատի փլուզումից հետո քաղաքապետարանը տարածքով ապահովելու հարցով զբաղվել է, փոխքաղաքապետ Վիրաբյանի հետ մաեստրո Հեքեքյանը շփումների մեջ է եղել, առաջարկվել է Պատանի Հանդիսատեսի թատրոնի տարածքը: Այս պահին երգչախումբը փորձերն անցկացնում է Սայաթ Նովայի անվան դպրոցում, որը նույնպես քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում»,-հայտնեց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Տիգրան Հեքեքյանը պնդում է, որ խնդիրը չլուծվելու հիմնական մեղավորներից մեկը «Ի Էմ Սի» կազմակերպությունն է, որը չի կատարում իր պարտավորությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031