Նոյեմբերյանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, համայնքապետեր, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեց և նշեց․ «Ես ուզում եմ, որ դուք ուր էլ գնաք, լինեք ոչ միայն լավագույն զինվորը ձեր զորամասի համար, այլև լավագույն զինվորն այն համայնքի համար, որտեղ պետք է ապրեք երկու տարի։ Ձեր շնորհիվ պետք է զինվորի կոչումն արժեքավոր դարձնենք՝ սկսած համազգեստից վերջացրած այն դերակատարմամբ, ինչ կատարում է հայրենիքի զինվորը։ Ձեր վարքագիծը պետք է լինի իդեալական, ձեր մոտեցումները պետք է լինեն արդար և ազնիվ։ Դուք պետականության թիվ մեկ խորհրդանիշը պետք է լինեք առաջիկա երկու տարիների ընթացքում։ Իմ վերջին մաղթանքը հետևյալն է․ երբ 2 տարի հետո վերադառնաք ձեր հայրենի օջախները, մենք իսկապես ունենանք այն գյուղը, քաղաքը, որը երազում ենք ունենալ»։
Զորակոչիկներին խաղաղ ծառայություն մաղթելով Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանն ասաց․ «Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի մի քանի առաքելություն։ Դուք կատարում եք Աստծո կողմից տրված այն առաքելությունը, որն այսօր բաժին է ընկել ձեզ։ Վստահ եմ, որ բոլորդ էլ արժանապատվորեն կկատարեք ձեր պարտքը հայրենիքի նկատմամբ։ Ձեր թիկունքում դուք ունեք հզոր հայրենիք և ձեզ սպասող ծնողներ»։
Տավուշի մարզպետարան