Լրահոս
Օրվա լրահոսը

Կպչուն ժապավենով կապել են քնած տանտիրոջ բերանը, գումար են հափշտակել և դիմել փախուստի. 2 անձի մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզում

Հունվար 13,2020 13:58

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում է անասնապահությամբ և կաթի վաճառքից ունի կայուն եկամուտ, իսկ բնակարանի մուտքի դուռը երեկոյան ժամերին առհասարակ չի կողպվում, կուտակված գումարային պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել վերջինիս առանձնատուն ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ:

Իրենց մտադրությունն իրականացնելու համար 2019 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տարեց տղամարդու առանձնատնից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մագլցելով տան հարակից երկաթե պարսպի վրայով, ապօրինի մուտք են գործել առանձնատան բակ:

Այնուհետև, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու, ինչպես նաև տանտիրոջ քնած լինելու հանգամանքներից՝ ապօրինի մուտք են գործել առանձնատան առաջին հարկում գտնվող հյուրասենյակ և որպեսզի աննկատ մնան ու տանտիրոջ արթնանալու դեպքում կարողանան չեզոքացնել վերջինիս ձայնը, իրենց հետ նախապես վերցրած կպչուն ժապավենով կապել են քնած վիճակում գտնվող տանտիրոջ բերանը, որից հետո հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել այնտեղ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն և 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031