Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նոր տարի չես արե՞լ, ինչի՞ ես այսքան շուտ գրել օրինագիծ». Տարոն Սիմոնյանին զարմացրել է գործադիրի վերաբերմունքը

Հունվար 13,2020 13:18

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ՔԴ օրենսգրքի՝ հակասահմանադրական ճանաչված դրույթներից մեկը փոխարինել սահմանադրական դրույթով:

Օրինագծի հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ դեռեւս 2019թ.-ի հոկտեմբերին ՍԴ-ն, քննելով կալանք-գրավ փոխհարաբերությունը, հակասահմանադրական էր ճանաչել ՔԴ օրենսգրքի այն դրույթը, որով գրավը կիրառվում է որպես կալանքին փոխարինող միջոց, այլ ոչ թե որպես առանձին խափանման միջոց:

Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի գործող կարգավորմամբ՝ գրավը դիտարկվում է որպես կալանքին փոխարինող այլընտրանքային միջոց, իսկ այս օրինագծով առաջարկում են իրավակարգավորում, որը համահունչ կլինի ՍԴ որոշմանը:

Տարոն Սիմոնյանը նշեց. «Ի զարմանս ինձ, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց: Հասկանալի չէ կառավարության այն դիրքորոշումը, թե «ոտներդ կախ գցեք, տեսնենք ինչ լուծում ենք տալիս»: Անհարկի հետաձգումներից պետք է խուսափել: Եթե թերություններ կան օրինագծում, կարելի էր ասել այդ մասին»:

Ապա Տարոն Սիմոնյանը դիմեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին. «Եթե առաջարկներ կան, ասեք, բայց հինգ ամիս է անցել, խնդիր եմ տեսնում ազնվության առումով՝ կառավարության հետ համագործակցության տեսանկյունից»:

Նշենք, որ կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ հակասահմանադրական դրույթը սահմանադրականով փոխարինելու համար, ըստ օրենքի, մինչեւ ապրիլի 15-ը ժամկետ կա:

Տարոն Սիմոնյանին դա զարմացրեց. «Եթե գտնում եք, որ կարճ ժամանակում օրինագիծ ներկայացնելը դատապարտելի է, ասեք՝ իմանանք: Մի հատ էլ շնորհակալություն պետք է հայտնեք, որ ուշի ուշով հետեւում եմ, որ հակասահմանադրական դրույթ չմնա: Մենք հավասար պատասխանատվության դաշտում ենք, այդ թվում՝ կառավարությունը: Օր առաջ պետք է հակասահմանադրական դրույթը փոխարինվի սահմանադրական դրույթով»:

https://www.facebook.com/aravot.am/videos/831454607278035/

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Եթե նկատել էիք, որ հակասահմանադրական է, չսպասեիք ՍԴ որոշմանը»:

Հանձնաժողովականներից արձագանքեցին. «Բայց ՍԴ-ն պետք է որոշեր, չէ՞, հակասահմանադրակա՞ն էր, թե ոչ»:

Վարդանյանը շարունակեց. «Որեւէ մեկը շնորհակալություն չպետք է հայտնի, ես ասացի, որ կառավարությունն ունի պատասխանատվություն՝ ՍԴ որոշումների կատարման համար»:

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բանավեճին միացավ այն դիտարկմամբ, որ Տարոն Սիմոնյանի կողմից գործընկերային մթնոլորտից խոսելը գեղեցիկ չէ: Գալյանը շեշտեց՝ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց են ունեցել, ասել, որ նախարարությունը ՔԴ օրենսգրքի փոփոխությունների համալիր օրինագիծ է մշակել, որն ավելի ընդգրկուն է, եւ այլ հարցեր էլ է կարգավորում, ուստի արդար չէր լինի օրինագիծը ներկայացնել որպես պատգամավորի մշակած օրինագիծ: Բացի այդ, ըստ Սրբուհի Գալյանի, Տարոն Սիմոնյանի օրինագծում հակասահմանադրական կետեր կան:

Տարոն Սիմոնյանը, դիմելով փոխնախարարին, ակնարկեց. «Եթե ձեր համար կարեւոր է թղթի վրա գրվածը, որ կառավարությունն է օրինագծի հեղինակը, կարծում եմ՝ կառավարության հետ աշխատանքում ազնվության խնդիր կա»: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ իր աշխատանքին այնպես են արձագանքում, կարծես թե ամոթ է, որ ինքն օրինագիծ է մշակել:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ, դիմելով Սիմոնյանին, կատակեց. «Ինչի՞ ես այսքան շուտ գրել օրինագիծ, նոր տարի չես արե՞լ»:

Սրբուհի Գալյանը նաեւ հավելեց, որ նախարարության օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է կառավարության քննարկմանը, ուստի ապրիլին կհասցնեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031