Ինչպես և խոստացել էի` ՍԴ դատավորներին կաշառելու կուլմինացիան.
Եվ այսպես, այս օրերին մանրամասն ներկայացրեցի բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքի ընդունման ամբողջ գործընթացում:
Այդ ապօրինություններն արդեն բավարար են հաստատելու, որ այդ օրենքը պարզապես չի ընդունվել:
Բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերի 30-ին առաջին անգամ գրելով այս մասին, ակնարկեցի, որ այդ օրենքի քվեարկությունը չէր կարող տեղի ունեցած լինել գործուղման մեկնած պատգամավորների կողմից փակ ծրարներով:
Կարդացեք նաև
Այժմ ժամանակն է խոսելու հենց այդ մասին:
Այսպիսով, որքա՞ն ձայն էր պետք ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը ընդունելու համար, առնվազն՝ 80 ձայն:
Քանի՞ պատգամավոր է կողմ քվեարկել այդ օրենքին:
Անտեղյակները, միամիտները, անգրագետները, ինչպես նաև վերջիններիս հավասարեցված քաղաքական իշխանությունները կասեն 82 ձայն, բայց մենք գոնե գիտենք, որ այս իշխանությունների բերանում ճիշտ խոսք չկա:
Ցավոք, այս իշխանություններն ավելի վատն են, քան փչացած ժամացույցը։
Եթե փչացած ժամացույցն օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, ապա օրվա իշխանությունը նույնիսկ դրան ընդունակ չէ:
Մեր ժողովրդի համար առաջիկայում ամենամեծ զարմանքն այն է լինելու, որ օրվա քաղաքական իշխանությունները կկարողանան որևէ ճիշտ բան ասել:
Ի՞նչ է ասում ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը.
«5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»։
Այս դրույթից առնվազն երկու պարզ եզրահանգում.
- Ծրարը պետք է թողնել մինչև գործուղման մեկնելը:
- Պետք է մինչև պատգամավորների գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:
Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության, երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործուղման մեջ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
ԱԺ կայքից տեղեկանում ենք նաև, որ երկրորդ ընթերցման նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:
Իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել:
Հետևաբար, այդ հինգ պատգամավորները կամ ծրարները փոխանցել են ԱԺ-ին իրենց գործուղման մեջ գտնվելու և ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կամ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել:
Հռետորական հարց՝ արդյո՞ք իրենք նույն կերպ կողմ քվեարկած կլինեին մի նախագծի, որում իրենց հասցեին, օրինակ` հայհոյանքներ լինեին:
Թե՞ այստեղ գործել է խորհրդային ժամանակներից հայտնի «չեմ կարդացել, բայց դեմ եմ» թևավոր խոսքի ուղիղ հակառակը՝ «չեմ կարդացել, բայց կողմ եմ»:
Վստահեցնում եմ բոլորին, որ նման անհեթեթ գաղափար կարող էր ծնված լինել Վլադիմիր Վարդանյանի, Ռուստամ Բադասյանի և նրանց նմանների գլխում:
Ցանկացած իրեն հարգող վարչապետ այս ամենը կարդալուց հետո առնվազն «SMS»–ով հրաժարականի դիմում կպահանջեր քաղաքական իշխանության իրավական մտքի «ռահվիրաներ» Վլադիմիր Վարդանյանից և Ռուստամ Բադասյանից, իսկ նորմալ պետության նախագահն անմիջապես կդիմեր Սահմանադրական դատարան:
Բայց հաշվի առնելով, որ մենք վաղուց արդեն նորմալ պետությունների շարքում չենք, սպասենք միայն «ռահվիրաների» վնգստոցներին և Հանրապետության նախագահի արդեն վաղուց սովորական դարձած, ոչինչ չասող, լղոզված տեքստերին:
Տիկնայք և պարոնայք, խաղն ավարտված է:
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին օրենք գոյություն չունի:
Արսեն ԲԱԲԱՅԱՆ
Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ