ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եւս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին:
Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, սակայն առանձին դրույթների, մոտեցումների և մեխանիզմների հետ կապված ունեմ մի շարք հարցադրումներ:
1.Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
Կարդացեք նաև
1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը.
2)այդ հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.
3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.
4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։
2.Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ինչ գույք ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են 1 ք.մ. 1-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ 25 մլն. դրամով այսօր հնարավոր չէ գնել նույնիսկ 1-սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում, սակայն կարելի է գնել առնվազն 1-սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն 2-սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում: 25 մլն-ից շատ ավելի թանկ արժե տնամերձ հողամասը Երևանում և բազմաթիվ այլ համայնքներում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին և այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երևանի և ոչ միայն Երևանի հարյուր հազարավոր բնակիչներ:
Արդյոք պե՞տք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը:
3.Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 50 հանցագործությունների շարքում կան նաև այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը և այլն: Դրանց դեռ կանդրադառնամ:
4.Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ սննկացումը, այսինքն կարելի է պետության և թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած ինչ-որ գումարից ավելի առանց հայտարարագրելու Հայաստան բերելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:
5.ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 3 մլրդ. դոլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաև հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:
6.Հիմա, օրինակ, որևէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք և հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը:
Կամ եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որևէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը:
Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը:
7.Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն` ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:
8.Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որն, ի դեպ, հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:
9.Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, բա ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչ տեղեկություններ են դրանք: Բա ինչպե՞ս է բողոքարկվելու:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն