Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն «մաքրել» օրգանիզմը տոնական ճոխ ճաշկերույթներից հետո

Հունվար 12,2020 23:00

Տոնական սեղանների շուրջ ուրախ հավաքույթները բարձրացնում են մեր տրամադրությունն ու բազմաթիվ դրական լիցքեր փոխանցում՝ պարգեւելով մտերիմների հետ շփվելու ու անչափ համեղ սնվելու հաճույքը։ Սակայն աղցանների, ընդեղենի, մսեղենի, գազավորված ու ալկոհոլային ըմպելիքների «շքերթը», այնուամենայնիվ, կարող է բացասաբար անդրադառնալ մեր ինքնազգացողության ու քաշի վրա, և քանի որ տոնական օրերից հետո, այնուամենայնիվ, մենք ստիպված ենք վերադառնալ մեր առօրյա կենցաղային հոգսերին, ապա ճիշտ ժամանակն է սկսել հոգալ սեփական օրգանիզմի մասին՝ փորձելով պահել տոնական տրամադրությունն ու միևնույն ժամանակ ազատվել մի շարք անհարմար վիճակներից։ Մենք առանձնացրել ենք մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն թոթափել մի քանի անցանկալի կիլոգրամները, ինչպես նաև մաքրել ու «թարմացնել» օրգանիզմը։

Կիտրոնով տաք ջուր ըմպեք

Օրը սկսեք մեկ բաժակ տաք կիտրոնաջրով․ այն ըմպեք նաև օրվա ընթացքում։ Կիտրոնն օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ հատկություններով է օժտված և տաք ջրի հետ համադրությամբ լավ խթանում է մարսողությունն ու հեղուկով հագեցնում օրգանիզմը։ Այս ընթացքում շատ ջուր օգտագործելն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ դա կօգնի երիկամներին ու լյարդին արդյունավետորեն դուրս բերել տոքսիններն օրգանիզմից։

Սնվելուց առաջ խոտաբույսերով թեյ խմեք։ Շատ օգտակար է սամիթով թեյը, քանի որ օգնում է հաղթահարել մարսողության հետ կապված խնդիրները՝ ստամոքսի խանգարումը, փորափքանքը, փորկապությունը, այրոցը, գազերի առաջացումը, աղիների գրգռվածությունը և այլն։

Նախապատվությունը տվեք բուսական ծագման սննդին

Անգամ եթե դուք երդվյալ մսակեր եք, ապա այս օրերին արժե ավելի լուրջ վերաբերվել բուսական ծագման սննդին։ Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ քիչ սնվելը, ուղղակի պետք է նախապատվությունը տալ սննդարար և օգտակար ուտեստներին, որոնք օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար յութերով, բայց և չեն ծանրաբեռնի այն և կօգնեն մարսողության կարգավորմանը։ Ուստի տոներից հետո շատ լավ կլինի մրգերով, բանջարեղենով և բուսական ծագման սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունել։ Aravot.am-ի «Նաև հացիվ» բաժնում դուք կգտնեք բանջարեղենի ու բուսական ծագման ուտեստների բազմաթիվ հետաքրքիր ու նոր բաղադրատոմսեր, ասենք՝ բրոկոլիով ու թարխունով ապուրի, ոսպով ապուր-պյուրեի և այլն։

7-ից հետո սնունդ մի ընդունեք

Սա լավ տարբերակ է ավելորդ կալորիաներից և ծանրաբեռնվածությունից ազատվելու և սննդից առավելագույն օգուտ քաղելու համար։ Մի փոքր քաղցած մնալու արդյունքում օրգանիզմն էներգիա ստանալու համար կայրի ճարպերը, իսկ մարսողական համակարգը կհասցնի վերականգնվել։

Եթերային յուղեր օգտագործեք

Եթե զգում եք ծանրություն որովայնում, ապա դիմեք եթերային յուղերի օգնությանը։ Մի քանի կաթիլ լցրեք ափի մեջ և ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսեք որովայնը․ անանուխի յուղն ունի հանգստացնող, իսկ կիտրոնախոտի և խորդենու յուղերը՝ հակաբորբոքային ազդեցություն։

Մարմնամարզությամբ զբաղվեք

Թերևս ամենաարագ ու արդյունավետ տարբերակը՝ օրգանիզմի էներգետիկ համակարգն ու լավ տրամադրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, կարծում ենք, չարժե հիշեցնել, որ մարմնամարզությամբ արժե զբաղվել ոչ միայն տոներից առաջ կամ հետո, այլ ամեն օր՝ թեկուզ օրական 10 րոպե։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս համացանցի միջոցով ներբեռնել վարժությունների արդյունավետ համակարգեր և դրանց միջոցով առավել լավ արդյունքի հասնել։

Լոգանք ընդունեք, քրտնեք շոգեբաղնիքում

Լոգանքն ու շոգեբաղնիքը թե՛ մարմինը, թե՛ մտքերը մաքրելու հիանալի տարբերակ են։ Բարձր ջերմաստիճանի շնորհիվ քրտինքի միջոցով օրգանիզմը ձերբազատվում է տոքսիններից, թեթևանում են մտքերն ու հոգին։

Եվ վերջում՝ ամենակարևոր խորհուրդը՝ ցանկացած դեպքում աշխատեք պահպանել սննդի հետ կապված ձեր սովորությունները, օրինակ՝ եթե խուսափում եք ալյուր, շաքար կամ աղ օգտագործելուց, ապա արժե այդպես վարվել նաև տոնական օրերին, որքան էլ մեծ լինի ինչ-որ շատ համեղ, բայց ձեր օրգանիզմի համար ոչ այնքան ցանկալի մթերքը փորձելու գայթակղությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031