Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» երբեք չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «պրոյեկտն» է. նման բան չի եղել և չի էլ կարող լինել». Ալեք Ենիգոմշյան

Հունվար 12,2020 20:05

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության՝ արմատական ընդդիմություն դառնալու մասին խոսելիս` կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հորդորեց տարբերություն դնել «արմատական» բառի և «արմատական ընդդիմություն» բառակապակցության միջև:

Հիշեցնենք՝ 2019-ի ավարտին՝ դեկտեմբերի 27-ին, կուսակցությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշված է. «Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»:

Հայտարարության տարածումից հետո քննադատություններ հնչեցին կուսակցության հասցեին՝ պնդումներով, որ «Սասնա ծռերը» երբեք էլ չեն դադարել արմատական լինելուց: Այս առիթով Ալեք Ենիգոմշյանը մեր զրույցում ասաց. «Ես ուզում եմ տարբերություն դնել «արմատական» բառի և «արմատական ընդդիմություն» բառակապակցության միջև: Այն, որ «Սասնա ծռերը» միշտ էլ եղել են արմատական՝ իրենց դիրքորոշումներով, ես դա չեմ վիճարկում: Այսինքն՝ արմատական ասելով՝ ունեցել են իրենց սկզբունքները, որոնք հիմնարար են համարել և այդ սկզբունքների հավատարմության շուրջ եղել են արմատական: Բայց չի նշանակում, որ մինչև տարեվերջի հայտարարությունը «Սասնա ծռերն» իշխանության նկատմամբ եղել է արմատական ընդդիմություն: Այդպիսին չի եղել»:

Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց՝ անցած մեկուկես տարվա ընթացքում կարելի է հանդիպել բազմաթիվ հայտարարություններ, որտեղ «Սասնա ծռերն» ասել են բառացիորեն կամ իրենց ասածներից դա է արտացոլվել, որ իրենք պաշտպանում են ներկա իշխանություններին, հատկապես առաջին ամիսներին: Այնուհետև շարունակեց. «Որքան ժամանակ անցավ, միգուցե, որ եղել է փոփոխություն, հետևյալն է եղել, որ երկրի ինքնիշխանության, արտաքին ճնշումների, ներքին ռևանշի, նախկին ուժերի վերադարձի պարագայում «Սասնա ծռերը» միանշանակորեն առանց այլևայլի պաշտպանում են ներկա իշխանություններին: Մնացած հարցերում ըստ դիրքորոշման՝ կարող են քննադատական հանդես գալ, կարող են, եթե ինչ-որ դիրքորոշում լինի իշխանության, որ համակրեն, պաշտպանեն և գովան: Այսինքն՝ երկու հիմնական հարցերի շուրջ ամբողջական սատարում ենք իշխանություններին, մնացած հարցերում՝ ըստ պարագայի: Սա արմատական ընդդիմություն չի կարելի ասել: Հիմա, երբ «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ դառնում են արմատական ընդդիմություն, արմատական ասելով՝ նշանակում է սկզբունքային, դա այլ իմաստ չունի, այլ իմաստ չպետք է տալ»: Նա օրինակ բերեց, որ եվրոպական զարգացած երկրներում կան ինստիտուցիոնալ կուսակցություններ, որոնք կոչվում են արմատական, որոնք ամբողջովին ինստիտուցիոնալ են, տեղի քաղաքական համակարգի լիիրավ անդամներ են եղել:

Մեր դիտարկմանը՝ «Սասնա ծռերին» հիշեցնում են, որ Փաշինյանի ընտրությունից մեկ օր անց նրանք սկսեցին փողոցներ փակել և ուլտիմատիվ կերպով պահանջել ՊՊԾ գունդը գրավողների ազատում, Գարեգին Չուգասզյանն էր հացադուլ հայտարարել և վերջնագրեր ներկայացրել իշխանություններին, որ «Սասնա ծռերի» աջակիցները ամենակոշտ որակումներն են տվել գործող իշխանությանը, անգամ այնպիսի որակումներ, որ իրենց թույլ չեն տալիս Հանրապետականները: Առաջին օրվանից նրանք հայտարարել են, որ տեղի ունեցածը հեղափոխություն չէ, այլ իշխանափոխություն: Այս ուժի ներկայացուցիչներն աչքի են ընկնում այնպիսի տեղեկատվության տարածմամբ, որի գլխավոր ուղերձը հետևյալն է՝ Փաշինյանը Սարգսյանի «պրոյեկտն» է: «Սասնա ծռերը» քննադատել են իշխանությանը Արցախի հարցում, Ամուլսարի հարցում, ՍԴ-ի ճգնաժամի հարցում: Հետևաբար հետաքրքրվեցինք՝ մի՞թե այս հիշեցումները տեղին չեն, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Ձեր նշած պնդումների մի մասը հնարածին է: Օրինակ՝ «Սասնա ծռերը» երբեք չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «պրոյեկտն» է: Նման բան բացառվում է. չի եղել և չի էլ կարող լինել: Մնացածներից որոշները համապատասխանում են իրականությանը, բայց դա չի նշանակում, որ «Սասնա ծռերը» եղել են կոշտ ընդդիմություն իշխանությանը: Ես ասացի, որ բացի այդ երկու հարցերից՝ ինքնիշխանություն և ներքին ռևանշ, նախկինների վերադարձ, մնացած հարցերում՝ ըստ տվյալ հանգամանքի, «Սասնա ծռերը» կա′մ պաշտպանել, կա′մ քննադատել են իշխանություններին: Օրինակ՝ Արցախի հարցը: Հիշեցնեմ, որ «Սասնա ծռերը» օգոստոսի 5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ելույթ ունեցավ, հաջորդ օրը ողջունեցին այդ դիրքորոշումը, երբ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի նկատմամբ համեմատաբար ինքնուրույն դիրքորոշում էր արտահայտել, «Սասնա ծռերը» հրապարակային ողջունեցին դա և նմանօրինակ առնվազն մի քանի երևույթներ կան: Սրանց կողքին եղել են նաև դեպքեր, երբ համաձայն չենք եղել և քննադատել ենք իշխանություններին: Սա հենց ապացուցում է, որ երկու ամենաէական հարցերում՝ երկրի ինքնիշխանություն և նախկինների վերադարձ, ռևանշ, ամբողջական աջակցություն կա իշխանություններին, մնացած հարցերում ըստ հանգամանքի, ըստ պարագայի»:

Մեր հիշեցմանը՝ իսկ փողոցները փակե՞լը, Ալեք Ենիգոմշյանն արձագանքեց. «Հեղափոխություն է տեղի ունեցել 2018-ի ապրիլ- մայիսին, նախկին իշխանությունները տապալվել են, եկել է նոր վարչապետ: Խումբը, որ տապալեց այդ իշխանությունը, իշխանության դեմ հանդուգն քայլ էր արել: Այդ իշխանության տապալումից հետո այդ խումբը դեռևս շարունակում է բանտերում մնալ իշխանափոխությունից հետո: Սա նորմալ հակազդեցություն է, և ճանապարհը փակվում էր հենց դատարանի առաջ, որտեղ գտնվում էին կալանավորները և իրենց ազատ արձակման, ոչ թե նորաստեղծ իշխանության մերժման քայլ էր դա: Դա կոնկրետ նոր պայմաններին համապատասխան դիրքորոշման պահանջ է: Եվ նույնը Չուգասզյանի հացադուլն էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031