Անցած տարեվերջին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակ 16. Առաջարկություններ առ 2019թ. դեկտեմբեր» փաստաթուղթը, որում մասնավորապես կան հետեւյալ առաջարկները:
Իրական սեփականատերերի թափանցիկությունը
Պետք է արագացնել և ավարտին հասցնել իրական սեփականատերերի գրանցամատյանի ստեղծման գործընթացը՝ այն տարածելով բոլոր ոլորտների վրա և դրանում ներառելով նախկինում գրանցված որոշակի շեմից բարձր շրջանառություն ունեցող ընկերություններին և ապահովելով տվյալների ստուգման գործուն մեխանիզմներ՝ այդ թվում համագործակցելով միջազգային կառույցների հետ: Իրական շահառուների մասին տեղեկատվությունը պետք է լինի հրապարակային, անվճար, բաց տվյալների (open data) և բաց աղբյուրի (open source) սկզբունքով՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ վերահսկողության համար:
Գողացված ակտիվների վերադարձը
Կարդացեք նաև
Հարկավոր է արագացնել ապօրինի գույքի վերադարձն ու վերականգնումը ապահովող օրենսդրության ընդունումը և կատարելագործել ինստիտուցիոնալ համակարգը, այդ թվում՝ արգելադրված ակտիվները կառավարելու նպատակով: Պետք է զարգացնել միջազգային համագործակցությունը՝ կոռուպցիայի հետևանքով դուրս հանված ակտիվները Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է ապահովել ակտիվների բռնագանձման, կառավարման և վերականգնման ողջ գործընթացի լիարժեք թափանցիկությունը՝ վերացնելու կոռուպցիոն ռիսկերը:
Պայքարը կազմակերպված հանցավորության դեմ
Պետք է մշակել անհրաժեշտ օրենսդրություն և ձևավորել կառուցակարգեր՝ արմատախիլ անելու քրեական ենթամշակույթը՝ այդ թվում՝ ակտիվորեն խրախուսելով «զրո» հանդուրժողությունը դրա նկատմամբ»: