Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեսկզբի կեղծ լուրերն՝ ամփոփ

Հունվար 12,2020 17:33
lurer

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է տարեսկզբի ուշագրավ կեղծ լուրերը, որոնցից մի քանիսը տեղ էր գտել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մամուլում:

  1. Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ նամակը՝ ադրբեջանական և իրանական մամուլում

Օգտվելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններից՝ ադրբեջանական լրատվականները տեղեկություններ էին շրջանառում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Լրատվամիջոցները հղում էին կատարել Դիանա Հարությունյան անունով կեղծ օգտատիրոջը: ֆեյսբուքյան այս ֆեյք օգտատերը զբաղվում էր ապատեղեկատվությունների տարածմամբ թե՛ սեփական էջում, թե՛ տարատեսակ խմբերում: Այս ֆեյքի մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնը արդեն առիթ ունեցել էր բարձրաձայնելու: Իրականում Նիկոլ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չէր ուղարկել ԱՄՆ նախագահին։ Այդ մասին հայտարարեց նաև ինքը՝ վարչապետը, իր ֆեյսբուքյան էջում:

  1. Հայազգի գեներալը կապ չի ունեցել Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ

Հունվարի 8-ին իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում իր դերի համար։

Վերջինս մասնավորապես գրել էր․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈւ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

Մինչդեռ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների կատարման հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանում ամերիկյան զորքի հրամանատարությունը հայազգի գեներալի իրավասությունից դուրս է։

  1. Ո՛չ թե վարակիչ հիվանդությամբ «տառապող» քաղաքացիներ, այլ հիվանդության ախտանիշներ ունեցողներ

Հունվարի 8-ին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունից հետո, մի քանի լրատվականներ գրեցին, թե կառույցի փոխանցմամբ՝ Վրաստանից Հայաստան եկած քաղաքացիները «տառապել» են վարակիչ հիվանդությամբ:

Իրականում, սակայն, ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որևէ վարակիչ հիվանդությամբ կամ ունեցել են որևէ ախտորոշում, ինչպես թյուրիմացաբար նշել են լրատվամիջոցները, այլ տվյալ անձանց մոտ գրանցված կլինիկական ախտանշանները կարող են վկայել որևէ վարակիչ հիվանդության առկայության մասին: Այս մասին հայտնել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

  1. Կեղծ լուրեր՝ Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին

Հունվարի 10-ին ռուսական մամուլում տարածվեցին տեղեկություններ, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիափոխադրումներ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև: Ըստ այդ լուրի՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս առիթով հայտնեց, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը կրկին հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։

  1. Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին

Հունվարի 9-ից սկսած տեղեկություն էր տարածվում, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։

Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

Հարկ է նշել, որ նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետին, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Խազարաձեն, մասնավորապես, ասել էր. «Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031