«Ինչ անակնկալ եք տեսնում այդտեղ, մի՞թե մինչև հիմա մեր բնակչության թիվն աճում էր: Չե՞ք նայել մի քանի տարվա թվերը. շարունակաբար մեր բնակչության թիվը նվազում էր»,-Aravot. am-ի հարցին՝ սպասվո՞ւմ էր, որ 2019-ին կարձանագրվի նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ, ինչպես ներկայացված է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ժողովրդագրական ժողովածուում, այսպես պատասխանեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Մեր դիտարկմանը՝ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ մի կողմից հայտարարություններ են հնչում, որ հեղափոխությունից հետո ներգաղթ կար, բնակչության թվի աճ կար, բայց մյուս կողմից ներկայացվում է, որ 2019-ին գրանցվել է ՀՀ բնակչության ամենացածր թիվը, ժողովրդագիրն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչքանով ներգաղթ կար: Ուրեմն այն այնքանով չի եղել, որ կարողանար արտագաղթի հարցում գործոն դառնալ: Կա երկու երևույթ՝ միգրացիայի և բնակչության բնական շարժի երևույթ՝ ծնելիության և մահացության տարբերություններն են՝ եկածների և մեկնածների տարբերություններն են: Այդ երկուսի ցուցանիշներն էլ դրական չեն՝ սկսած իննսունականներից և այսօր էլ չեն կարող միանգամից փոփոխվել: Եկածների թիվը մի քիչ ավելացել է, մեկնածներինը՝ մի քիչ պակասել, բայց այդ ավելանալն ու պակասելն այնքան չեն եղել, որ դառնան բնակչության ընդհանուր թվի աճի գործոն»:
Ռուբեն Եգանյանը հիշեցրեց՝ արդեն մի քանի տարի տեղի է ունենում ծնելիության նվազում, որը նույնպես բնականոն երևույթ է և պատճառն այն է, որ մեզ մոտ ծնող տարիք են մուտք գործել ցածր ծնելիություն ունեցող տարում ծնված մարդիկ՝ 2000-ականներին ծնվածները: Ժողովրդագիրը մանրամասնեց. «Իրենք քիչ են, հետևաբար երեխա էլ քիչ են ունենում: Դրա հետևանքով շարունակվում է ծնվածների թվի նվազումը, մահացածների թիվն էլ, եթե չի աճում, գոնե էապես նվազման միտում չունի: Այդ բոլորի հաշվին տեղի է ունենում այն, որ շարունակվում է բնակչության նվազումը: Բայց կարծում եմ՝ այս տարվա նվազումն ավելի քիչ է եղել, քան անցյալ տարվանը: Դա արդեն ինչ-որ դրական երևույթ կարելի է համարել»:
Փաստեցինք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը բնակչության թվաքանակի նվազումը մի առիթով պայմանավորեց նաև երկրում նախկինում հաստատված քաղաքական այն համակարգով, որը, ըստ նրա՝ չէր նպաստում ո՛չ տնտեսական զարգացմանը, ո՛չ մարդկանց առաջխաղացմանը ու հետաքրքրվեցինք՝ քաղաքական համակարգն այս հարցերում դերակատարություն ունի՞, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Բնական աճի և միգրացիայի երևույթները կախված են տվյալ հասարակությունում, երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններից: Ամեն ինչն էլ այս կամ այն ձևով բնական կամ բացասական ազդեցություն է ունենում ժողովրդագրական գործընթացների վրա: Եթե մեր երկրում բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում է, ուրեմն դա կարող է գնահատվել որպես վկայություն այդ երկրի հիվանդ լինելու»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իսկ առողջացման միտումներ կա՞ն, որքանո՞վ է իրատեսական Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 2050-ին ՀՀ բնակչությունը կարող է դառնալ 5 միլիոն, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Ես այդ հարցը չեմ էլ ուզում քննարկել: Մի քիչ դժվարանում եմ նույնիսկ գնահատական տալ նման բաներին: Ես կխոսեմ այն մասին, որ դրական միտում այսօրվա դրությամբ կա. դա ինչ-որ տեղ նրա պատճառով է, որ անցյալ տարիների համեմատ նվազել են արտահոսքի ծավալները: Սա ասում եմ՝ հետազոտական տվյալներից ելնելով, ոչ թե վիճակագրական տվյալներով: Դա ես գնահատում եմ որպես ավանս երկրում կատարվող փոփոխությունների, բայց ինչքանով դա շարունակական բնույթ կկրի, կխորանա, կամ կթուլանա, կամ կվերանա, դա դժվար է գնահատել: Դրա համար պետք է սպասել՝ արդյոք այդ փոփոխություններն իրական դրական ազդեցություն կունենա՞ն մեր ազգաբնակչության վրա, թե՞ կվերանան, և մարդկանց մոտ հուսախաբության նոր ալիք կսկսվի, որը կարող է բերել բնակչության թվի նվազման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ