ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Ա1+»-ի եթերում հայտարարել էր, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը նախկինում ուներ բազում լրատվամիջոցներ, այդ թվում անկախ լրատվամիջոցներ էին, բայց պետական ֆինանսներից սնվող ԶԼՄ-ներ, որոնցով տարածվում էր ինֆորմացիան: Այնուհետև հավաստիացրել էր. «Հիմա պետությունը չունի նման շռայլություն իր հաշվին լրատվամիջոց պահել, և պետական մարմինների միջոցով պետք է այդ ինֆորմացիան տարածվի»:
Aravot.am-ը Սարգիս Խանդանյանին խնդրեց պարզաբանել՝ ո՞ր ԶԼՄ-ները նկատի ունի, արդյոք դրանք պայմանագրային հարաբերություննե՞ր են ունեցել եւ ե՞րբ: Եթե 2016-ին, ապա այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ն էլ է եղել, որ կառավարության փիառն է արել՝ հետո դրանք միացվել են: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ դա՞ նկատի ունի, թե՞ այլ բան:
Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Իմ նշած լրատվական միջոցների և ՊՈԱԿ-ի կազմակերպչաիրավական հարաբերությունների և դրանց անվանումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակներում է, կխնդրեի այդ հարցով իրենց դիմել։ Ամեն դեպքում հայտնի է, որ այդ լրատվական միջոցների կայքերը ստեղծվել և վարվում էին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Երբ ես առնչվել եմ ՊՈԱԿ-ի հետ, դրանք արդեն միավորված են եղել, ուստի չեմ կարող մեկնաբանել, թե գործառույթների որ մասն է իրականացրել կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ-ը և որ մասը նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ը»:
Մեր հորդորին՝ Դուք եք հնչեցրել այդ կարծիքը, ուստի խնդրում եմ առավել հստակություն մտցնելու համար Ձեր նկատի ունեցած լրատվամիջոցների անունները նշել, որոնց մասին Դուք եթերում բարձրաձայնել եք, պատգամավորն այդպես արձագանքեց. «Արդեն պատասխանել եմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ