Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար

Հունվար 12,2020 11:40

Փաստերի ստուգման հարթակը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որտեղ վերջինս հայտնում է 2019 թվականին հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի մասին, գրել է, որ այդ պնդումը սխալ է։

Որպես հիմք, սակայն, հարթակը ներկայացրել է տարբեր աղբյուրներից վերցրած՝ իրար հակասող թվեր։ Վկայակոչելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալները՝ հարթակը համեմատել է դրանք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի հետ և հետևություն արել, որ վարչապետի հրապարակումը սխալ է։ Մինչդեռ իրականում ՀՀ դատախազության տվյալները հաճախ տարբերվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներից, որոնք իրենց հերթին տարբերվել են ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների հրապարակած տվյալներից։

Այսպես, օրինակ, 2015 թվականի համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում 76 մահերի մասին, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն և ՀՀ զինվորական դատախազությունը հայտնել է 57 կորուստի մասին: 2017-ի հունվար-փետրվար ամիսների համար տարբերվում են նաև FIP.am-ի վկայակոչած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թաթուլ Հակոբյանի տվյալները։ Վանաձորի գրասենյակը հայտնել է 11 զոհի մասին, իսկ Թաթուլ Հակոբյանը՝ 9-ի։

Ուշագրավ է, որ 2010 թվականը միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միևնույն թիվը՝ 54: Զոհերի այս թիվը նշել են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը:

Մինչդեռ, օրինակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ուսումնասիրությամբ՝ 2010-ին կորուստների թիվը կազմել է 61։ Պատճառները, ըստ էության, կապված են հաշվարկներ վարելու մեթոդաբանության հետ։

Հավելենք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները, և հորդորել չհիմնվել ոչ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031