Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հունվարի 11-ին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Լիբիայում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են ԵՄ-Թուրքիա հարաբերություններին: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահներ Միշելը և Էրդողանը բաց և օգտակար երկխոսություն են ունեցել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը կարևորել են համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև այն հարցերի շուրջ, որտեղ տարաձայնություններ ունեն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միգրացիոն ճնշումը, որին առերեսվում է Թուրքիան, հսկայական է: ԵՄ-ն գիտակցում է 4 միլիոն փախստականներ ընդունելու դժվարությունները և շարունակում է աջակցել փախստականների և հյուրընկալող համայնքների նախագծերին: Կառուցվում են դպրոցներ և հիվանդանոցներ, փախստականները դրամական օգնություն են ստանում, օգնություն է ցուցաբերվում միգրացիայի կառավարմանը:
Միշելը հիշեցրել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի ապօրինի հորատման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ըստ որի ԵՄ-ն լիարժեք զորակցություն է հայտնում Կիպրոսին: Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցություններն առանցքային են տարաձայնությունների տեղիք տվող որոշ հարցերի լուծման համար, ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Միշելը նաև մտահոգություն է հայտնել Լիբիայի և Թուրքիայի միջև վերջերս կնքված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ:
Նախագահները պայմանավորվել են ուղղակի կապ հաստատել կանոնավոր հիմքով և ըստ իրավիճակի՝ հարաբերությունները բարելավելու համար՝ ի շահ երկու կողմերի, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ