«Ծնունդիս օրը նվեր են ուզում արած լինեն»,- Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց, երբ հարցրեցինք, թե ինչպես է արձագանքում այն որոշմանը, որ վանդալիզմի հարցով քրգործի հարուցումը մերժվել է: Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել էր ռուս դիվանագետ, գրող Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով:
Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»: Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում եւ Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու, վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։
Հարցին՝ պատրա՞ստ եք վարչական տույժի՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ես անգամ քրեական պատասխանատվութան էի պատրաստ: Ես կարծում եմ, որ ցանկացած գաղափար, որի համար մարդը պայքարում է, պետք պատրաստ լինի անձնազոհ քայլի, եթե ամեն մարդ պատրաստ լինի հանուն իր գաղափարների զրկանքներ կրելու, մենք կունենանք գաղափարապաշտ հասարակություն, լավ երկիր, լավ հարաբերություններ, լավ միջավայր»:
Նա ասաց, որ այս ակցիան արել է ոչ թե իր համար, այլ այն մարդկանց համար, ովքեր ուզում էին ինչ-որ բան անել, ելք չէին գտնում. «Դա գաղափարի ակցիա էր»: Շահեն Հարությունյանը ակցիան իրականացնելուց առաջ հետաքրքրվել է, թե ինչ է իրեն սպասվում, տեղեկացրել են, որ նման արարքի համար նախատեսվում է վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից սկսած մինչեւ ազատազրկում 2 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով. «Այն, որ տույժ լինելու է, դա պարզ է, ես ուրիշ բան չէի էլ ակնկալում, ուղղակի քրեական բան ես չեմ արել, որ քրեական պատիժ լիներ: Նման գաղափարի համար ինձ եւ ոչ մի հայ մարդու չարժի դատել: Ես իմ բացատրության մեջ նշել եմ, որ արվել է դա հանուն հայ ազգի, հանուն ազգի արժանապատվության եւ մեր հերոսների… էդ ամեն ինչի համար դատել քաղաքացուն մի տեսակ նորմալ չէր լինի: Իսկ վարչականը պարզ է, որ պետք է տան, դա էլ կարող է սիմվոլիկ լինի: Եթե ուզենան անձնական լուրջ վնաս տան, արդեն կարող է բարձր լինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից