Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վաղը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունները:
Երկու առաջնությունների գլխավոր մրցավարներ, միջազգային կարգի մրցավարներ Աշոտ Վարդապետյանը եւ Ջուլիետա Նահատակյանը, մասնակիցներին շնորհավորեցին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, այնուհետեւ ծանոթացրին ՀՇՖ 2020 թվականի առաջին մրցաշարերի՝ հոբելյանական առաջնությունների, կանոնակարգերին եւ ժամանակացույցին:
Աշոտ Վարդապետյանը նշեց, որ տղամարդկանց առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել էր 12 շախմատիստ, սակայն գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը առողջական խնդիրների պատճառով չեն կարող մասնակցել, այնպես որ թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններին մասնակցելու են 10-ական շախմատիստներ:
Այնու հետեւ անցկացվեց վիճակահանությունը եւ որոշվեցին երկու առաջնությունների մեկնարկային տուրի զույգերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ