Տարեվերջին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ամփոփել էր տարին՝ ներկայացնելով նոր՝ «In Gold We Trust» մենաներկայացումը: Նրա խոսքով՝ այս մենաներկայացումը հոգևորի և նյութականի բախման մասին է, ինքը փորձում է հասկանալ՝ արդյոք հոգևորի ու նյութականի բախման ժամանակ հնարավո՞ր է գտնել ոսկե միջինը:
«Տարբեր մտորումներ ունեի, բայց շատ պատահաբար ընտրվեց վերնագիրն ու հիմնական գիծը՝ հոգևորի և նյութականի բախում: Ամեն ինչ սկսվեց Gold բառից, որից հեռացնում ես l տառը և ստացվում է God (Աստված): Գալիք տարին գոլդ է՝ 2020, իսկ դոլարի վրա էլ գրված է «In God We Trust», այս ամենը խառնվեց իրար, աստիճանաբար մտքերս կապեցի իրար և ստացվեց այսպիսի ներկայացում»,- ասաց դերասանը:
Հունվարի 13-ին Հայկ Պետրոսյանը կրկին ներկայացնելու է իր «In Gold We Trust» մենաներկայացումը, սակայն այս անգամ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից:
Թեպետ տոնական օրեր են, սակայն Հայկի կարծիքով՝ որքան էլ մենաներկայացումը հումորային է, սակայն սուր անկյունները շատ են և այն տոնական չի կարող համարվել:
«Այնպես չէ, որ առավոտյան արթնացա ու մտածեցի՝ վերջ, ես լրջանալու եմ։ Չէ, ուղղակի մարդ եմ, որն ապրում է Հայաստանում, հասարակության մի մասնիկն էլ ես եմ, այսինքն՝ բոլոր այն խնդիրները, հուզական ապրումները, զայրույթը, հույսը, որն առկա է, կա նաև իմ մեջ: Ես այս ներկայացմամբ փորձում եմ ցույց տալ մեր կյանքը, մեր իրականությունն այլ տեսանկյունից: Այս օրերին, երբ Ավստրալիայում հրդեհներ էին, պատերազմական իրավիճակ էր նշմարվում, ինձ իսկապես շատ դժվար էր որպես մարդ կատակել օրինակ՝ բդի մասին: Իհարկե, որոշ անդրադարձներ կլինեն, սակայն ըստ իս՝ ես խոսում եմ ավելի կարևոր թեմաների մասին՝ հայերի մասին, մեր պետության մասին, թե ինչ ենք ցանկանում, որ երկիրն է մեզ բարեկամ, ի վերջո, մենք ինքներս մեզ բարեկա՞մ ենք, թե թշնամի»:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ «In Gold We Trust»-ը Հայկ Պետրոսյանի՝ այս շրջանի վերջին մենաներկայացումը կլինի: Պարբերաբար մենաներկայացումներով հանդես եկող Հայկ Պետրոսյանը որոշում է կայացրել առավելապես երաժշտությամբ զբաղվելու և իր երգերով հանդես գալու, չնայած նրա բոլոր մենաներկայացումներն էլ եղել են երաժշտական:
«Այս շրջանում է’լ հանդես չեմ գա ներկայացումներով, թեպետ ունեմ գրած սցենարներ: Պատճառն այն է, որ ավելի շատ ցանկանում եմ այս շրջանում երգով զբաղվել, նոր երգեր ունեմ, համերգային ծրագիր ենք պատրաստում բենդով: «In Gold We Trust»-ից հետո սկսելու եմ բենդով ներկայանալ: Առաջին անգամ համերգով հանդես կգամ, որում կներկայանամ միայն իմ երգերով: Այսինքն՝ կրկին հանդես կգամ ելույթներով, սակայն արդեն երաժշտական ձևաչափում»:
Անի ՍԱՀԱԿՅԱՆ