Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ ղեկավարները իրազեկել են քաղաքացիներին, որ իրենք ապրում են հուշարձան-շենքում և թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն

Հունվար 11,2020 18:20

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին:

«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց և ենթադրում է որոշակի պատասխանատվություն և պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Խնդրում ենք զգուշությամբ և սիրով վերաբերվել այս կառույցին…».-այս բովանդակությամբ իրազեկման նամակի առաջին հասցեն Բաղրամյան 8-ն էր, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները՝ Հայկանուշ և Նատալյա Խաչատրյանները, որոնք էլ այժմ բնակվում են նշյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքում:

«Նախարարության գաղափարներից մեկն է իրազեկել քաղաքացիներին հուշարձան-շենքերի հետ կապված իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Երևանում այսօր առաջին օրն է, որ անում ենք այս խորհրդանշական քայլը: Նախաձեռնությունն իրականացվում է Նարինե Խաչատուրյանի գլխավորությամբ՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ: Արշավի շրջանակում նամակի տեսքով իրազեկում ենք քաղաքացիներին, որ իրենք ապրում են հուշարձան-շենքում և թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Շատ հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն լինում, թե այդ հուշարձան-շենքի հետ ինչպես պետք է վարվեն և շինարարության ու ձևափոխումների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, և դա հանգեցնում է հուշարձանի աղճատմանը».-ասել է նախարար Ա. Հարությունյանը:

«ԻԿՈՄՈՍ-Հայաստանը պատրաստ է մեզ աջակցել կամավորների հարցում, որպեսզի իրազեկման նամակները բաժանվեն բնակիչներին: Այս ծրարները հազարավոր տներ պետք է մտնեն: Մենք աշխատում ենք նաև օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ և հակված ենք, որպեսզի իրազեկումից հետո պատժամիջոցները հարակից օրենքներում ավելի խստացվեն: Հասարակության օգնությունը ևս այս հարցում շատ օգտակար է. պետք է պահպանել մեր հուշարձանները, այլ տարբերակ չունենք».-հայտնել է Նարինե Խաչատուրյանը:

Նախարարի տեղակալ Ն. Խաչատուրյանի խոսքով իրազեկման արշավի առաջին կանգառները Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերն են եղել, և հանդիպում-քննարկումներն այստեղ դրական արձագանք են գտել: Արշավը կշարունակվի նաև մյուս մարզերում:

Արշավը նպատակ ունի ոչ պաշտոնական քննարկումների ճանապարհով լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում առկա խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով:

Ինչպես վստահեցրել են Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները, 60 տարվա ընթացքում Բաղրամյան 8-ի՝ իրենց բնակելի հուշարձան-շենքի նույնիսկ պատուհանները չեն փոխվել, և հետագայում ևս տան ոչ մի քար չի ձևափոխվի: Նրանց խոսքով այդ տանը եղել են շատ ու շատ հայտնի մարդիկ, և իրենք ամեն ինչ անում են պատմական մթնոլորտը պահպանելու համար:

Արշավի խորհրդանշական մյուս հասցեն Գրողների միության շենքն էր: ՀԳՄ նախագահ Է. Միլիտոնյանին ևս հանձնվել է իրազեկման նամակը, և նա ևս հավաստիացրել է, որ շենքը հիմնադրման առաջին իսկ օրվանից կառուցվածքային որևէ փոփոխություն չի կրել:

ԿԳՄՍՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031