Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնացիր՝ կանցնի». Զարուհի Հովհաննիսյանը հորդորում է «Իմ քայլի» պատգամավորի վարքը, վիրավորանքը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում

Հունվար 11,2020 15:40

«Ամուսնացիր՝ կանցնի». «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ նույն խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին ուղղված այս վիրավորական արտահայտության հետ կապված, ինչպես տեղեկացրել ենք, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով կանանց իրավունքների պաշտպանության ջատագովներին, իմքայլական կին պատգամավորներին, որոնք մշտապես աղմուկ են բարձրացնում որեւէ հանրային դեմքի կողմից նման անթույլատրելի արտահայտությունների դեպքում. «Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը»:

Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը Կարեն Սարուխանյանի պահվածքը ֆեյսբուքյան իր էջում կոշտ քննադատել էր, վստահեցրեց, որ որեւէ խտրականություն չեն դնում երբեւիցե նմանատիպ արտահայտություններին արձագանքելիս. «Մենք որքան էլ արձագանքենք, օրենքով նախատեսված հնարավորություններ կան նմանատիպ երեւույթները Ազգային ժողովում քննելու, քննարկելու եւ համապատասխան գնահատականներ տալու, միջոցներ ձեռնարկելու: Դա կարող են անել ԱԺ պատգամավորները՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի շրջանակներում՝ էթիկայի հանձնաժողով գումարելով»:

Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման դատապարտելի արտահայտություններ են հնչում պատգամավորների կողմից. «Մեկ տարի շարունակ տարբեր երեւույթներ են եղել՝ սկսած նույն ԲՀԿ պատգամավորներից՝ Գեւորգ Պետրոսյան, Վարդան Ղուկասյանի կողմից, վերջացրած «Իմ քայլի» պատգամավորներով՝ Անդրանիկ Քոչարյան, Կարեն Սարուխանյան ու որեւէ խմբակցություն գործուն քայլ չի ձեռնարկում, որպեսզի ձեւավորի Էթիկայի հանձնաժողով՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով: Իրենք պետք է մեկ տարվա ընթացքում բազմաթիվ նմանատիպ երեւույթների պարագայում ջանք գործադրեին ու էթիկայի հանձնաժողով ձեւավորեին»: Ըստ իրավապաշտպանի, այս պարագայում էլ Նաիրա Զոհրաբյանին, Մարիա Կարապետյանին, որեւէ պատգամավորի ոչինչ չի խանգարում դա անել. «Անընդհատ մատնանշել, որ դրա մասին իրավապաշտպանները պետք է խոսեն, դա այն դեպքում կարելի էր անել, երբ օրենքը չի նախատեսում որեւէ հնարավորություն կանխարգելելու, գնահատական հնչեցնելու: Այս դեպքում օրենքը նախատեսում է: Իրենք չեն անում, մատնանշում են իրավապաշտպաններին: Մենք միշտ ենք արձագանքում՝ անկախ նրանից, թե այդ կանայք համախոհ են, համախոհ չեն, նույնիսկ երբ այդ կանայք հաճախ իրենք են տղամարդկանց բառապաշար օգտագործում: Օրենքով նախատեսված կարգով իրենք ունեն գործիք»:

Հարցին՝ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ իմքայլական այն պատգամավորները, որոնք մշտապես կանանց դերի բարձրացման դիրքերից են հանդես եկել, թվում էր, թե պիտի իրենց թիմակցին անարգանքի սյունին գամեին, բայց մինչ այս պահը դատապարտող հայտարարություններ չկան՝ Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ միայն դա բացասական եմ գնահատում, այլեւ կարծում եմ, որ հանրային այն բողոքի ալիքը բարձրացվել էր նաեւ էթիկական նորմերի վերաբերյալ, որպեսզի ԱԺ-ն փոխի իր պատկերացումները, իր արժեքները, բայց մենք մեկ տարի անց ունենք մի ԱԺ, որը, կարելի է ասել, ոչնչով չի տարբերվում նախորդ ԱԺ-ից հենց իր էթիկական պատկերացումների, կնատյացության ու սեքսիստական արտահայտությունների տեսանկյունից: ԱԺ ամեն խմբակցություն գործում է խմբային շահին համապատասխան, ոչ թե արժեքների: Այն անձինք, ովքեր ժամանակին բավական խոսում էին, բավական բացասական էին գնահատում նախկին ԱԺ պատգամավորների վարքը, խոսում էին նրա մասին, որ կանանց դերը պիտի բարձրանա կառավարման, որոշումների կայացման հարցում, այժմ նմանատիպ հանգամանքներում նույն «Իմ քայլը» խմբակցության ազդեցիկ դեմքերից Անդրանիկ Քոչարյանի պարագայում, նաեւ այս դեպքում որեւէ կոշտ գնահատական կամ գոնե ավանդույթը փոխելու քայլ, հնարավորություն չեն իրականացնում, ինչը ես կարծում եմ արժեքների զիջման քայլ է խմբային շահին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031