Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար տրամաբանական է, որ անբարո հնարքներ օգտագործվեն. Ռուբեն Մելիքյան

Հունվար 11,2020 18:00

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է 168.am-ի տարածած տեղեկությանը, թե Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի:

«Ամենևին չեմ զարմանա, թե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը։ Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու մեթոդներ օգտագործվեն։

Ամեն դեպքում, անբարո սպառնալիք տալը մի բան է, իսկ այն ի կատար ածելը՝ բոլորովին այլ։ Թե՛ քրեաիրավական, թե՛ ապացուցողական (որպես պետական «ինքնախոստովանություն») և թե՛ շատ ու շատ այլ իմաստներով։ Եվ առաջին «ռուբիկոնն» անցնողներից քչերը պատրաստ կլինեն անցնել նաև երկրորդը։

Մյուս կողմից, «սպառնալիքին» տրվելը շատ ավելի մեծ «ապացուցողական» նշանակություն կունենա հանրության մոտ, քան չտրվելը։

Ի վերջո, qui sine peccato est vestrum, primus in illam lapidem mittat»:

Հիշեցնենք` 168.am-ը գրել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:

Ժողովի ընթացքում քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին:

Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ (ՀՔԾ) Սասուն Խաչատրյանի վրա:

Հաջողվել է պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ, նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031