Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը մոտ մեկ տարվա գործունեությունից հետո աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Թեմայի շուրջ մի քանի հարցերին է պատասխանել Վարդան Մելքոնյանը։
– Պարոն Մելքոնյան, այս ոլորտում աշխատեցիք շուրջ ինն ամիս, հիմա ո՞րն է աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը։
– Մանրամասներ առանձնապես չկան, իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, քանի որ այլ աշխատանքի անցնելու առաջարկներ կան։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ նոր առաջարկներ են։
– Առայժմ չեմ կարող ասել, առաջիկա օրերին ավելի հստակ կլինի։
– Խոսքը պետակա՞ն ապարատում նոր աշխատանքի մասին է։
– Չեմ կարող ասել՝ ինչ կլինի, պետական, թե՞․․․ թե, թե, բայց առաջարկներ ու տարբերակներ կան։
– Պարոն Մելքոնյան, կարծում եք՝ այս ոլորտում այլեւս անելիք չունե՞իք, չէ՞ որ սա այն դաշտն է, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։
– Կարող եմ ասել, որ այս ժամանակահատվածի համար վատ ցուցանիշներ չունենք՝ համեմատած նախորդ տարիների հետ, ի վերջո ամեն ինչ համեմատության մեջ է երեւում։ Դա մի նշաձող է, որով թիմը աշխատում է։ Առկա վիճակը թիմային աշխատանքի արդյունք է, ես էլ թիմին կոչ եմ արել, որ նույն ոճով շարունակեն։
– Տեւական ժամանակ, ընդհուպ վարչապետի մակարդակով, խոսվել է «ջրի մաֆիայի» մասին։ Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ «մաֆիայի» ո՞ր մասը բացահայտվեց։
– Եթե հետեւում եք Պետական վերահսկողական ծառայության, Դատախազության հայտարարություններին, հիմնականում նախկին ՋՕԸ-երի ղեկավարների մակարդակով են եղել խախտումները։ Մենք այս տարի փորձել ենք այդ ամենից զերծ մնալ, մեր հաշվետվությունները իրականությանը համապատասխանում են, մենք Սեւանի ջուրը քիչ ենք վերցրել, ցուցանիշներ կան, որ համեմատության կարգով ավելի լավն են ու ճշգրիտ, ոչ թե նախկինի պես նկարած։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ վատ պիտակը՝ «ջրի մաֆիա», մեզնից հանեն, մնա նախկինում։ (ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ եւ թերություններ, Դատախազությունում էլ «Ջրառ» ՓԲ ընկերությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,-հեղ.)։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում