Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլի մրցույթ չէ, վերջապես». Մանե Թանդիլյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարած ՀՆԱ-ի ցուցանիշների մասին

Հունվար 10,2020 23:10

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:

Հայտարարությունը քննադատվեց հայաստանյան տիրույթում. «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն իր վերլուծությամբ հեգնել էր վարչապետին`նկատելով, որ եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից: Հարցին անդրադարձել էր նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`փաստելով, որ մանաթը միշտ թերարժեւորված է, իսկ հայկական դրամը հիմարաբար գերարժեւորված: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ հակառակվել էր քննադատություններին` պահելով Նիկոլ Փաշինյանի «թասիբը»:

Այսօր հարցի վերաբերյալ արձագանքներ հնչեցին նաեւ Վրաստանից: Նախ, տեղեկություններ տարածվեցին, որ հարցին անդրադարձել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թունավան:

Ապա` խոսեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` ասելով. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծ կառավարչից հետո: Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ, անդրադառնալով վարչապետի գրառմանը եւ դրա շուրջ առաջացած աղմուկին, ասաց. «Կառավարությունը պետք է թիրախավորի ներքին նպատակներ, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացու կյանքի վրա, իսկ ՀՆԱ-ի աճը պայմանական թիվ է, քանի որ դրա ծավալը չի ենթադրում ամբողջ բնակչության համաչափ մասնակցություն և ՀՆԱ-ի բաժանումը ամբողջ բնակչության թվի վրա չի նշանակում այդ մակարդակի անհատական բարեկեցություն»։

Ըստ Մանե Թանդիլյանի, կառավարության նպատակը պետք է լինի այնպիսի բարեփոխումների իրականացումը, որը էապես կբարելավի քաղաքացու բարեկեցությունը։ «Մակրոտնտեսական ցուցանիշները չեն հետաքրքրում միջին վիճակագրական քաղաքացուն, հասարակությանը և թվերի մրցավազքը որևէ արժեք չունի մարդկանց համար, հատկապես երբ դա տեղի է ունենում տնտեսական բարեփոխումների հաշվին։

Եվ անկախ նրանից Վրաստանի նախարարը ինչ է ասել և ում է ասել, վարչապետին և կառավարությանը խորհուրդ կտամ PR-ով զբաղվելու փոխարեն, գործով զբաղվել՝ սա եվրատեսիլի մրցույթ չէ, վերջապես․․․»,- ասաց տիկին Թանդիլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031