ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունվարի 10-ին գումարված ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվել է պարտադիր պահանջ՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:
Պատգամավորի խոսքով՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:
Հանձնաժողովում քննարկումների արդյունքում պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել առաջարկով, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն: Պատգամավորի առաջարկն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունից: Նա նշել է, որ շուտով խորհրդարան է ներկայացնելու «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որով անդրադարձ է կատարվելու օրենքի նախագծով կարգավորվող դրույթին:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Նարեկ Զեյնալյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Հայկ Կոնջորյանի խոսքով՝ առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչեւ 23, այլ մինչեւ 26 տարեկան լրանալը՝ հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության եւ բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:
ՀՀ կառավարությունն առաջարկում է առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին, կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակ նշանակելու ժամկետի հարցը դիտարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի համատեքստում եւ քննարկել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց դեպքում այդ ժամկետը երկարաձգելու նպատակահարմարությունը:
Առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները:
ՀՀ Ազգային ժողով