ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին, երբ լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը, «24TV»-ին տված հարցազրույցում ասաց. «Այսօր մի կարեւոր օր է պետություն սիրող մարդկանց համար, որոնց շարքում դասում եմ ինձ եւ հարյուր հազարավոր այլ մարդկանց: Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Անկախ քաղաքական այն մեծ տարաձայնություններից, որ ունեմ ես եւ ինքը, իմ կուսակցությունը եւ իր քաղաքական ուժը, անկախ այն քննադատությունից, որ հնչեցրել եմ ու էլի կհնչեցնեմ իր հասցեին՝ ուզում եմ շնորհավորել: Շնորհավորել որպես քաղաքակրթական ժեստ՝ առ այն, որ եթե մենք իրոք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է կարողանանք շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, բանտից հանենք երկրորդ նախագահին, երրորդ նախագահի դեմ չհարուցենք շինծու մեղադրանքներ դիզելի գործով, որից «բլինչիկի» ծիծաղն էլ է գալիս, չորրորդ ղեկավարի նկատմամբ լինենք հարգալից: Բայց այս ամենը վերեւից պետք է գա: Մենք պետական ապարատի մաս չենք ու «տակից» այդ ժեստն անում ենք:
Ես գնահատում եմ այն մարդկանց դերը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոնք պետականության տարիներին իրենց կյանքի մի հատված, խելք, գիտելիք, դրել են պետության կայացման, զարգացման գործում: Տարաձայնություններ եղել են, կան ու կլինեն: Չեմ խորշի նորից քննադատելուց, բայց կրկնում եմ՝ պետք է սովորել շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, պետք է սովորել հանդուրժել երկրորդ նախագահի հնարավոր ազատումը, ոչ թե ատելության մթնոլորտ ստեղծել, պետք է հանել այդ շինծու մեղադրանքները եւ դադարեցնել «վհուկների որսը» երրորդ նախագահի նկատմամբ: Եվ երբ այս ամենը լինի՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի բողոքի նրանից, որ ինչ-որ ֆեյքեր իր կամ իր մերձավորների նկատմամբ անարդար են, քանի որ ինչ ցանում ես՝ այն էլ հնձում ես: Հատկապես, եթե ցանում ես քամի, ինչպես չինացիներն են սիրում ասել՝ կարող ես հնձել փոթորիկ»:
«Առավոտը» Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այս փաստարկները հաշվի առնելով, ինչո՞ւ չեն շնորհավորել Լեւոն Տեր Պետրոսյանի 60-ամյակը, 65-ամյակը, 70-ամյակը, երբ ՀՀԿ-ն իշխանության էր:
Ի պատասխան նա նախ ասաց. «Հայաստանի քաղաքական կյանքում մշտապես անխուսափելի են եղել բախումներն ու լարվածությունը: Սակայն 2018-ի ապրիլից ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի աննախադեպ ծավալներն ու դրսևորումները քայքայում են ոչ միայն քաղաքական և հանրային կյանքը, այլև պետականության ընկալումն ու արժևորումը»: Ի դեպ՝ հավելեց. «Գործող վարչապետի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին չշնորհավորելու փաստը վկայում է հենց իմ մատնանշած ճգնաժամի մասին»:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը նշեց. «Նախկինում այս ճգնաժամը տեսանելի չէր: Պետությունը քանդող մակարդակի ատելության խոսք չկար եւ այս ամենն այդքան չէր արժեւորվում, որքան հիմա: Եվ գուցե անսպասելի հնչեց այդ շնորհավորանքը, բայց սա փորձ էր՝ ուղղված նաեւ իմ մասնակցությամբ հասցված քաղաքական վերքերն ամոքելուն, սպիացնելուն: Եվ եթե բոլորն այդպես վարվեն՝ Հայաստանի ղեկավարների հանդեպ բոլոր առիթներով, վստահաբար, մեկ տարի հետո մենք կարթնանանք բոլորովին այլ Հայաստանում: Օրինակ, հերթական անգամ շատ կուզենայի (ամեն տարի եմ դա ցանկացել եւ երբեք դա չի եղել, բայց երբեք այսպիսի կարեւորություն չի ունեցել), որ բանակի գալիք տոնի առիթով՝ հունվարի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տեսնենք հրավիրված, մասնակից, միասին: Դա վստահաբար շատ ավելի ուժեղ քաղաքական, ազգային, տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կունենա՝ տարածաշրջանային ճգնաժամերում հայտնված Հայաստանի եւ Արցախի ոգեղենությունը եւ դիմացկունությունը բարձրացնելու համար: Շատ ավելի ուժեղ, քան սարի գագաթից ուղիղ եթեր մտնելը եւ դրսին ուղղված՝ «եկեք համերաշխ ապրենք» պարզունակ քարոզչությունը»:
ՀՀԿ փոխնախագահն ամփոփելով՝ ընդգծեց. «Չկա «Նոր Հայաստան», կա Հայաստանի Հանրապետություն՝ իր ամբողջական քաղաքական պատմությամբ, և եթե չենք ուզում, որ երրորդ հանրապետության գոյությունը ավարտվի հենց ներկա սերնդով, ապա պարտավորենք ամոքել պետականության արժևորմանը հասցված վերքերը, անկախ նրանից՝ խոսքը առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ երրորդ նախագահների մասին է»:
Արմեն Աշոտյանը ինչքան խելքով է նույնքան անգամ էլ խորամանկ է:Երեվի հասկացաք թե ինչի համար:
Ինչպես կարելի է մեծաբանել մեկին, որի հրամանով ԵԿՄ-դարձրեց կառավարությանն կից զինված խմբավորում Մանվելի ղեկավարությամբ:Ես հայտարարում եմ դա որպես նախկին ՀՀ ՊՆ սպա,հաղթող հրամանատար եվ երկրապահի անդամ:Այդ դերը Վազգեն Սարգսյանն մինչեվ Մանվելի նշանակելն, ինձ է առաջարկում ,որին հաջորդում է Վազգենի հաջորդ հրամանն, հանել իմ պայմանագրային տղաներին զենքով ցուցարարների դեմ:
Ես հրաժարվեցի, որովհետեվ միայն դա կարող էր ցնորված պոետն նման հրաման տար, որի ի կատարը հսկում էր Սերժ Սարգսյանը:
Ինչպես կարելի է մեծարել մեկին որը 1996 թ.-ին կատարեց պետական հեղաշրջում եվ Մանվելին հրաման տվեց երկրապահին զինված հանել Վազգեն Մանուկյանի ընտրողնեի դեմ, որոնք մոտ մեր ազգի 80% էին:
Ինչպես մեծարել մեկին որն դարձավ միակ պատճառն Մարտի 1-ի դեպքերի եվ շատ մեծ Մարտի 1-ի դեպքերի զոհվածների մեղքը փաթաթված է նրա վզին:Ինչպես նաեվ Հոկտեմբեի 27-ի սպանդը,նույնպես ԼՊՏ-ն է մեղավոր:Եթե նա թույլ տար որ ժողովրդի ընտրած նախագահն ղեկավարեր ապա չէր լինի ոչ մեկը եվ ոչ էլ մյուսն:
Եթե ապրում ես մի երկրում որտեղ նաեվ քո մայրն ու երեխաներն են ապրում,մի ուրացի Արմեն Աշոտյան:
Աղասի