Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը հունվարի 13-ին մեկնելու են Մոսկվա:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռուսական կողմի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Սիրիայի Իդլիբ նահանգի և Լիբիայի հարցերը:
Նշենք, որ Լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել է հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը:
Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակ»-ի մամուլի խոսնակ Ահմեդ ալ-Միսմարին սոցցանցերում հայտարարություն էր տարածել առ այն, որ մերժում են հրադադարի կոչերը և շարունակելու են ռազմական գործողությունները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Լիբիայում փաստացի երկիշխանություն է տիրում: Նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո շուրջ 10 տարի իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: Երկրում ՄԱԿ-ի աջակցությունը վայելող Ազգային համաձայնության կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը (Լիբիայի ազգային բանակ) առաջնորդում է գեներալ Հաֆթարը:
Անցած տարվա ապրիլից կողմերի միջև բախումներն էլ ավելի են թեժացել. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ մայրաքաղաք Տրիպոլին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար: