Լրահոս
Օրվա լրահոսը

Մայակովսկի համայնքում շահագործման է  հանձնվել մանկապարտեզի հիմնանորոգված երկհարկանի մեկ մասնաշենք

Հունվար 10,2020 16:36

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը այսօր ներկա են գտնվել Մայակովսկի համայնքի՝ շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի բացման արարողությանը:

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատասխանատու ստորաբաժանման ինժեներ Արման Փանոսյանը, Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը, հյուրեր:

Ընդարձակ ննջասենյակներն ու խաղասենյակները շուտով կկահավորվեն ու արդեն կընդունեն առաջին փոքրիկ այցելուներին: Տարածքն ամբողջովին ջեռուցվում է:

Մասնաշենքը հիմնանորոգվել է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ:

Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ծրագիրը ներառվել է Կառավարության  առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, իսկ  արդեն 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կհիմնանորոգվեն մանկապարտեզի մյուս մասնաշենքն ու խոհանոցային հատվածը:

Դա նշանակում է, որ արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 30.3 մլն դրամ, որից 26.8 մլն դրամը պետական ֆինանսավորման չափն է, 3.5 մլն դրամը` համայնքի ներդրումը:

Կարևորելով մարզի բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունների ապահովումը՝ մարզպետը մասնավորապես նշել է, որ մանկապարտեզը միայն մանուկների նախադպրոցական կրթությունն ու ժամանցն ապահովելու, մայրիկներին հոգսից ազատելու համար չէ, մանկապարտեզներն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կարևոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:

Հենց այդ մղումով էլ 2019 թվականին Կոտայքում մեկնարկել են միանգամից 10 մանկապարտեզների կառուցմանը և հիմնանորոգմանն ուղղված ծրագրեր:

Ընթացիկ տարում ավարտին կհասցվեն այդ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, որին կհաջորդեն արդեն մշակույթի տների, արվեստի դպրոցների և գրադարանների կառուցման ծրագրերը:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031