Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր երկրի առաջին դեմքերը շահագրգիռ չեն, որ «Ա1+»-ը եթերում չլինի». Աշոտ Մելիքյան

Հունվար 10,2020 15:02

«Սա կարեւոր է եւ քաղաքական մոտեցում չէ, հարցը զուտ իրավական է, արդարության վերականգնման քայլ է»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն` անդրադառնալով «Ա1+»-ի հայցին ընդդեմ կառավարության՝ եթերազրկման ակտերն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, օրերս վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության:  Հայցը ներկայացվել էր 2019-ի դեկտեմբերի 18-ին, առաջին նիստը նշանակվել է մարտի 13-ին, 15. 00-ին, Վարչական դատարանում: Վիճարկվում է յոթ վարչական ակտ, որոնք կայացվել են 2003 թվականին:

Աշոտ Մելիքյանը նկատում է` մինչդեռ հեռուստաընկերությունը հենց  քաղաքական պատճառներով եթերազրկվեց եւ որեւէ դատարան այն ժամանակ չէր կարող արդար վճիռ ընդունել. «Հիմա նաեւ այդ առումով է շատ բարենպաստ իրավիճակ: 2000-ականների սկզբին տեղի ունեցած անարդարությունը պետք է վերացվի»: Նա հավելեց` խնդիրը 2002 թվականից է բարձրացվել, պայքարը երբեք չի դադարել, բազմամարդ ցույցեր են եղել «Ա1+»-ի իրավունքները պաշտպանելու համար, հայաստանյան մամուլի, նաեւ միջազգային արձագանքներն էին շատ կոշտ, բայց այն ժամանակվա իշխանությունն արհամարհեց ամենը: «Այսօր երկրի առաջին դեմքերը շահագրգիռ չեն, որ դատարանն այնպիսի որոշում կայացնի, որ «Ա1+»-ը եթերում չլինի, հետեւաբար, այս իմաստով, փոփոխություն կա եւ դատավորներն ազատ են»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

«Ա1+»-ի շահերը ներկայացնող, փաստաբան Արա Ղազարյանն էլ մանրամասնեց` առոչինչ ճանաչելու հայց է ներկայացվել, քանի որ որոշումները եղել են արդարադատության առերեւույթ ոտնահարմամբ, քողարկված քաղաքական նպատակ է եղել` անկախ հեռուստաընկերությանը թույլ չտալ եթեր վերադառնալ, ոչ թե մրցութային փաթեթները չէին համապատասխանում մրցույթի պայմաններին: Փաստաբանը կարծում է, որ դատարանում ապացուցելու առանձնակի բան էլ չկա, քանզի ամեն ինչ շատ հրապարակայնորեն է եղել: Առոչինչ ճանաչման պահանջի դեպքում նաեւ վաղեմության ժամկետի խնդիր չկա:

Թեեւ 7 ակտ է վիճարկվում, Աշոտ Մելիքյանը, սակայն, հիշեցրեց, որ հեռուստաընկերությունը 13 մրցույթի է մասնակցել եւ պարտվել է անգամ լսարանին եւ լրագրողական հանրությանն անհայտ ընկերությունների, որոնք հաճախ ստեղծվում էին «Ա1+»-ին հակադրելու համար: «Սա ուղիղ քաղաքական ենթատեքստ է»,- ասաց նա:

Բանախոսները հուսով են, որ դատարաններն այժմ ազատ կլինեն իրենց որոշումներում:

Արա Ղազարյանը նաեւ ասաց, որ եթե դատարանը որոշի, որ իրավունք է խախտվել, փոխհատուցման հայց են ներկայացնելու եւ դա ավելի «լայն քայլ» կլինի. պետությունը պետք է նախ ներողություն խնդրի, դրամական փոխհատուցումն էլ արդարացի կլիներ, նաեւ «Ա1+»-ի վերադարձի հարցը կքննարկեն: Այս ամենը մանրամասն դեռ չեն քննարկել, առաջին քայլը դատարանի որոշում ստանալն է`իրավունքի խախտման մասին: Փաստաբանի կարծիքով, Հայաստանի հանրապետությունն իր կուրսից շեղումը «Ա1+»-ի փակման գործով սկսեց: Այս առումով, նաեւ, ըստ Արա Ղազարյանի, իրենց հայցում ՀՀ նոր իշխանությանն ուղղված մեսիջ կա`վերադառնանք անցյալ եւ նորից սկսենք. դրա համար իրավական մեխանիզմներ կան:

Հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսիսյանն էլ կարծում է, որ երբ ընդհանուր միջավայրը փոխվել է, դատավորները իրենց մեջ պետք է փոխվեն, այլապես տեղ չեն ունենա այս հասարակությունում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031