Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Նազարյանի եւ ԱՄԷ դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցի վեճի հետեւանքով Նազարյանը ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել. «Սասնա ծռեր»

Հունվար 10,2020 13:17

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։ Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը և հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետև նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել և սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել և անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին և այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետև մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ և վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսևորումներով՝ խոսքի և վիրավորանքների միջոցով»:

Ըստ հաղորդագրության՝ ոստիկաններն իրենց վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել և մասնակցել է ՊՊԾ գնդի «ազատագրմանը»:

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, «սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել ևս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին»:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն արձանագրում է. «Հատկապես իրավապահ և դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռևանշի ռեալ պայմաններ և նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո և հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումերն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031