Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունն ավարտված է

Հունվար 10,2020 13:06

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ-ներին հայտնել է. «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օհանջանյանը հայտնել է նաեւ, որ նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են եւս չորս անձ:

Նրանցից մեկը «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն է, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մյուսը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է: Մեղադրյալներից երկուսն էլ Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակիցներ են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2013 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը, ըստ քննչական մարմնի, տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ, և «անտեսելով այդ հանգամանքը, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակաների միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակությունը, մասնավորապես` հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:

Հայաստանի երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել: Բարսեղ Բեգլարյանը ևս, ըստ փաստաբանի, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

ՀՀԿ-ն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշեց, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031