Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ ժամանակահատվածում Ղասեմ Սոլեյմանին եւ ամերիկացիները օբյեկտիվորեն գտնվում էին բարիկադների նույն կողմում. «Ազգ»

Հունվար 10,2020 12:51

Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թ. Իրանի արեւելքում, Ռաբոր քաղաքում, աղքատ ընտանիքում: Զինվորական կարիերան սկսել է իրանա-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988 թթ.): Պատերազմի առաջին երեք տարիների ընթացքում նա դարձավ 41-րդ դիվիզիայի հրամանատարը: 41-րդ դիվիզիան մտնում էր ԻՀՊԿ կազմի մեջ (իմիջիայլոց, ԻՀՊԿ-ի կազմում գործում են Ռազմա-օդային ուժեր, հրթիռային զորամասեր, հետախուզություն եւ հակահետախուզություն եւ ամենամարտունակ ստորաբաժանումը` «Ալ-Քուդսը», որը կազմավորվել է 1979 թ.):

Ավելի ուշ, Սոլեյմանին մասնակցեց ռազմական գործառույթներին արտերկրում, որտեղ օգնում էր հակասադդամական շիաներին եւ քրդական խմբավորումներին Իրաքում, հետո նա աջակցում էր «Հեզբոլլահին» («Ալլահի ծառաներին») Լիբանանում եւ «Համասին» Պաղեստինում: 2012 թվականից սկսած («Արաբական գարունը» սկսվել էր 2011թ.) գեներալ Սոլեյմանին մեծ աջակցություն էր ցուցաբերում Բաշար Ասադի կառավարությանը Սիրիայում` քաղաքացիական պատերազմում եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Իրաքում կառավարական ուժերի եւ շիական միավորումների պայքարում ընդդեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների 2014-2015թթ.:

Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ ինչ-որ ժամանակահատվածում Ղասեմ Սոլեյմանին եւ ամերիկացիները օբյեկտիվորեն գտնվում էին բարիկադների նույն կողմում: Ավելի ճշգրիտ` 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ռայան Քրոքերը ժամանեց Ժնեւ` հանդիպելու իրանցի դիվանագետների հետ, որոնց ղեկավարում էր Ղասեմ Սոլեյմանին: Բանակցությունների թեման էր համատեղ պայքարը աֆղանական «թալիբների» դեմ: Սակայն, արդեն 2002 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը իր զեկույցում Իրանն անվանեց «Չարի առանցքի» մաս եւ վերջ դրեց համագործակցությանը:

1998 թվականից Ղասեմ Սոլեյմանին հանդիսանում էր ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարը: Ստորաբաժանումը եւ նրա հրամանատարը անմիջականորեն ենթարկվում էին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ինչպես նշվեց, այդ ստորաբաժանումը աջակցում է «Հեզբոլլահին» Լիբանանում, «Համասին» Գազայի հատվածում, Եմենի հուսիդներին, Իրաքի, Աֆղանստանի շիաներին, Սիրիայի գործող կառավարությանը: Համաձայն տարբեր ռազմական փորձագետների եւ հետախուզական ծառայությունների տվյալների, «Ալ-Քուդսի» մարտիկների թիվը տատանվում է 2000-ից 20000-ի միջեւ:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031