Հունվարի 8-ից Հայաստանում վերսկսվել են աշխատանքային օրերը, սակայն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում դասապրոցես չկա: Անցյալ տարեվերջին սկիզբ առած դասադուլը նորից շարունակվում է:
Հունվարի 8-ին եւ 9-ին ծնողներից ոչ ոք իրենց երեխաներին չի ուղարկել դպրոց, պնդում են. «Քանի դեռ տնօրենը հրաժարական չի տվել, մենք դպրոց ուղարկելու երեխա չունենք»:
Այս դպրոցում բողոքի ցույցերը սկսվել էին շաբաթներ առաջ, պատճառը նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն է, որին չեն ընդունում աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցչական կազմի ներկայացուցիչներ:
Ծնողներից մեկը նշեց, որ հունվարի 8-ին տնօրենը դպրոց է եկել՝ ընդունում, հանձնում անելու, սակայն ծնողները եւ մի շարք ուսուցիչներ թույլ չեն տվել դա իրականացնել: Հունվարի 9-ին տնօրենն այլեւս չի եկել դպրոց:
Կարդացեք նաև
Ծնողները շաբաթներ առաջ խնդրի հետ կապված դիմել էին ՀՀ կառավարություն, որտեղից պատասխան է եկել, որ տնօրեն Ոսկանյանի ընտրությունն իրականացվել է օրինական կարգով եւ վերջինս պետք է աշխատի: Նրանց այս պատասխանը չի բավարարել ու նամակ էին ուղարկել նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ հայտնելով իրենց անվստահությունը տնօրենի նկատմամբ: Նամակը դեռ տոներից առաջ են ուղարկել, սակայն պատասխան չեն ստացել:
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում