Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան. Թուրքիայի կառավարությունը ոստիկան տրամադրած էր Աթեշյանին իբրեւ թիկնապահ, անիկա՛ կարդաց. «Ազգ»

Հունվար 10,2020 12:24

2019-ի դեկտեմբերին, երբ արդեն Կ. Պոլսո պատրիարք էր ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը, Քյոլնում ծավալուն զրույցի հրավիրեցինք Գերմանահայության պաշտոնաթող առաջնորդ, 2017- ին տեղապահի պաշտոնում ընտրված, բայց Պոլսից դառնությամբ հեռացած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Տխուր էր այն հանգամանքը, որ ինչքան խոսում էինք Պոլսի պատրիարքական ընտրություններից, այնքան մեր զրույցը հեռանում էր հավատից:

– Սրբազան, Դուք 2017-ին գնացիք Պոլիսՙ վառ հույսերով:

– Գնացի, քանի որ փափագ մը կար տեղապահի ընտրության մասնակցելու, ընթացք տվի, քանի որ ժողովրդական փափագն ալ այդ էր:

– Դուք Պոլսի մթնոլորտը լա՞վ էիք ճանաչում:

– Ոչ: Կխորհեի, թե 30 տարվա ընթացքին կրնա ըլլալ, որ տակավին որոշ մարդիկՙ հոգեւորական թե աշխարհական, այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը: Պարզվեցավ, որ այդ մարդիկ այլեւս չկան: Հուսահատվեցաՙ իրենց նկարագիրը փոխեր էին, այն անձինք,որ կարեւոր դեր կխաղային, որ կրնային պետության վրա որոշ ազդեցություն գործել, չկային: Վերադառնալն ավելի հարմար տեսա: Կհիշեմ 1945- 1950 թվականներու միջեւ դարձյալ տեղապահի ընտրություն մը տեղի ունեցավ, այդտեղ նստած հոգեւորականըՙ Գեւորգ արք. Ասլանյանը բավական դիմադրեց: Անշուշտ կուզեր պատրիարք ալ ընտրվիլ, գաղութի մեջ մարդոց մի մասը կքաջալերեին, բայց ավելի հաջողեցան չուզողները, տարօրինակ հարցեր մեջտեղ եկան, կռիվներ, եւ 1950 – ին Արժանթին (Արգենտինա) պաշտոնավարող, տարիքը 70- ի հասած տրապիզոնցի Գարեգին Խաչատուրյանին բերին պատրիարք ընտրեցին: Շատ լավ անձ էր, պատրաստված, Թուրքիայի տարբեր քաղաքներում պաշտոնավարած, երբ ընտրվեցավ, պայման ալ դրավՙ դպրոց կառուցել հոգեւորականներ հասցնելու, եւ մեր դպրեվանքը մեջտեղ եկավ 1953- ին, հակառակ որ այդ թվականներուն այլեւս Թուրքիո մեջ դպրոց շինել արգիլված էր: Բայց այն անձինք, որ կարեւոր հանգամանքներ ունեին, հաջողեցան դպրեվանք մը բանալ: Ես այդ դպրոցին մեջ իմ հոգեւորականի ուսումն առի:

– Այսպիսի նկարագրություն լսեցինք. Երբ հայտնի է դարձել, որ տեղապահի պաշտոնում Դուք եք ընտրվել, անմիջապես հայտնվել է Աթեշյանը, կուսակալության ուղարկած գրությունը ձեռքին, որով Ձեր ընտրությունն անվավեր էր նկատվում: Իսկ ոմանք նույնիսկ պնդում էին, թե Աթեշյանն ինքն էր գրել տվել տեքստը:

– Ինքը չէր գրած, ինքն ալ չկարդաց: Կառավարությունը ոստիկան տրամադրած էր իբրեւ թիկնապահ, անիկա՛ կարդաց: Բայց հայտնի էր, որ առաջվանե եկած նամակ մըն էր: Հայտնի էր նաեւ, որ եթե ինքն ընտրվեր, նամակը մեջտեղ չէր բերվելու, չընտրվեցավՙ բերին:

– Աշխարհիկներիս նման վարքագիծը թերեւս արտառոց չէ այնքան, որքան հոգեւոր դասի միջավայրում: Ագահությո՞ւն, իշխանատենչությո՞ւն:

– Ամեն բան, հասարակ, մակարդակը ցածր անձ է, կրթություն չունի, 3- 4 տարի Երուսաղեմ գացեր է, բայց խոսիլ չէ գիտերՙ ոչ հայերեն, ոչ թրքերեն: Եվ այդպիսի անձ մը հավակնի պատրիարք ըլլալո՞ւ:

– Ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունները Աթեշյանին նախապատվություն չտվեցին, թեեւ շատ լավ գործակցեց նրանց հետ:

– Ես պիտի չըսեի, թե հաջող գործակցեցան: Ուրիշ անձ չկար: Պետության գործին ալ կուգա, որ այդպիսի տկար անձինք ունենա: Կառավարության համար ձեռնտու է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031