ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը սահմանափակում է Իրանի հետ պատերազմելու Թրամփի հնարավորությունները: Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունել է 224 կողմ, 194 դեմ համամասնությամբ, հաղորդում է BBC-ն:
Այնուամենայնիվ, սա, ընդհանուր առմամբ խորհրդանշական քայլ է, որը նախատեսում է, որ Կոնգրեսը պետք է հավանություն տա այդ երկրի հետ ցանկացած հակամարտության, բացառությամբ Իրանի կողմից ակնհայտ հարձակման:
Սակայն շատ քիչ հավանականություն կա, որ Սենատը հավանություն կտա բանաձևին, հաշվի առնելով, որ այնտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում:
Ընդունված բանաձևի տեքստում նախագահին պարտավորեցվում է «դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը» Իրանի դեմ, եթե Կոնգրեսը դրան համաձայնություն չի տվել: Բացառություն են կազմում այն իրավիճակները, երբ «անհրաժեշտ է պաշտպանվել անխուսափելի զինված հարձակումից»:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, եթե անգամ բանաձևն ընդունվի Կոնգրեսի երկու պալատների կողմից, նախագահը ստիպված չի լինի վետո դնել դրա վրա, քանի որ այն օրենքի ուժ չունի:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ իր կարծիքով՝ նախագահ Թրամփը չի բարձրացրել ԱՄՆ անվտանգությունը, երբ կարգադրել է հարված հասցնել Ղասեմ Սոլեյմանիին:
Իր հերթին Թրամփը Փելոսիի բանաձևն անվանել է հիմարություն և հույս է հայտնել, որ «բոլոր հանրապետականները կոնգրեսում դեմ կքվեարկեն»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ