Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ մանկապարտեզը փակվել է։ Այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների խոսքով՝ հունվարի 8-ին՝ առաջին աշխատանքային օրը, երեխաների իրերը մանկապարտեզից վերադարձրել են և հայտնել, որ հունվարից մանկապարտեզն այլևս չի աշխատելու։ Մանկապարտեզի փակվելու մասին հայտարարությունը, ըստ ծնողների, եղել է դեկտեմբերի 30-ին, երբ շատ քիչ երեխա է ներկա եղել, և առաջին աշխատանքային օրով հատկապես աշխատող ծնողները փաստի առաջ են կանգնել։
«Գոնե նախապես ասեին, որ մեր անելիքն իմանայինք, ուրիշ մանկապարտեզ գտնեինք, տեղավորեինք մեր երեխաներին։ Հիմա ես երկու երեխա ունեմ և աշխատում եմ։ Արդեն երկու օր է՝ չգիտեմ բալիկներիս ում մոտ թողնեմ, որ գնամ աշխատանքի։ Բայց այդպիսի բան չեն անում, մարդուն մեկ օր առաջ կամ արձակուրդային շրջանում փաստի առաջ չեն կանգնեցնում։ Բոլոր մայրիկները, ծնողները անելանելի դրության մեջ են հայտնվել։ Հիմա էլ գիտեք՝ ինչ դժվար է մանկապարտեզ գտնել, որտեղ ազատ տեղ լինի։ Մանկապարտեզներում հերթերը սարսափելի են»,- դժգոհեց ծնողներից մեկը։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ մանկապարտեզը փակվել է, կամ ավելի կոնկրետ՝ ֆինանսավորումը դադարեցվել է գերատեսչությունների ՊՈԱԿ-ների լուծարման գործընթացի շրջանակներում։ Ոստիկանության լրատվականից նաև փոխանցեցին, որ ներկայումս քաղաքապետարանի հետ քննարկումներ են գնում, որպեսզի քաղաքապետարանը այդ մանկապարտեզը վերցնի իր ենթակայության տակ։ Այսինքն՝ ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ մանկապարտեզը դառնա քաղաքային մանկապարտեզ։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ Երևանի քաղաքապետարանը բոլորովին վերջերս է ներգրավվել քննարկումներում այդ մանկապարտեզ հաճախող երեխաների հետագա ընթացքի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում