Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Իրանին մեղադրել է չորեքշաբթի Թեհրանի օդանավակայանից ոչ հեռու ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ: «Մենք վկայություն ունենք բազմաթիվ աղբյուրներից, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռից: Ամենայն հավանականությամբ, դա արվել է սխալմամբ»,- ասել է Ջասթին Տրյուդոն:
Հիշեցնենք, ավիավթարի հետևանքով զոհվել էր Կանադայի 63 քաղաքացի:
Տրյուդոն նաև հայտարարել է, որ Կանադան պահանջում է պատասխաններ տալ օդանավի կործանմանն առնչվող հարցերին: Կանադայի կառավարությունը չի հանգստանա, մինչև որ այդ պատասխանները չստանա, ասել է վարչապետը: Նա կոչ է արել լիարժեք և ամբողջական քննել այդ ողբերգությունը:
Տրյուդոյից հետո նման հայտարարություն է արել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Կարդացեք նաև
«Գոյություն ունի տեղեկությունների փաթեթ այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռից: Դա, մեծ հավանականությամբ, դիտավորություն չի եղել»,- ասել է Ջոնսոնը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին, ինչպես նաև ամերիկյան և իրանական հետախուզական ծառայություններին, հաղորդում էին, որ ավիավթարի ենթարկված ուկրաինական օդանավը կործանվել է իրանական ՀՕՊ հրթիռի հարվածից:
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ալի Աբեդզադեն հայտարարել է, որ ուկրաինական օդանավի վրա հրթիռային հարվածը «գիտականորեն հնարավոր չէ և նման խոսակցություններն անիմաստ են»:
«Այդ ժամանակ իրանական ավիատարածությունում նույն՝ 8000 ֆունտ բարձրության վրա եղել են մի քանի ներքին և միջազգային չվերթներ: Ասել, որ օդանավը խոցվել է հրթիռից՝ ճիշտ չէ»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ