Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «այլ ծախսի» անվան տակ գումարներ դուրս գրվում, բայց ոստիկանությունը դա համարել է իրավաչափ. «Ժողովուրդ»

Հունվար 10,2020 10:37

Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցն ու տնօրեն Մհեր Դավիդյանցը զրուցում գումարի մասին, ապա որոշում 100 հազար դրամ «այլ ծախսեր» ձեւակերպմամբ դուրս գրված գումարից 25 հազար դրամ առանձնացնել, դնել «սեյֆում»: Եվ, ահա, հրապարակումից հետո ոստիկանությունը սկսեց զբաղվել դրանով, սակայն ուշագրավն այն է՝ մեկ ամիս անց պարզ դարձավ, որ այդ առիթով քրեական գործ չի հարուցվել: Մասնավորապես, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղղակի հայտարարեց. «Ոստիկանությունը զբաղվել է այդ գործով եւ որոշել, որ հանցակազմ չկա գործ հարուցելու»: Նկատեցի՞ք՝ հրապարակումից մեկ ամիս անց գործ չհարուցելու մասին իրավապահների տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարը, այլ ոչ թե ոստիկանությունը:

Ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Այնտեղից ի պատասխան մեր հարցի՝ նշեցին. «Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն)»: Իսկ դիտարկմանը, թե ինչու ենք այդ մասին իմանում ոչ թե ոստիկանությունից, այլ առողջապահության նախարարից, նշեցին. «Ոստիկանությունը չբացահայտված նյութերի մասին հրապարակումներ չի անում, միայն պարզաբանումներ է տալիս»:

Իսկապես ուշագրավ պատկեր է. նախ՝ առողջապահության նախարարը, կարծես թե, իր վրա է վերցրել ոստիկանության խոսնակի պարտականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ստացվում է հակասություն ՀՀ վարչապետի խոսքերի եւ ոստիկանության համակարգի գործողությունների միջեւ: Բանն այն է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակ ընդգծեց, որ պետք է հասարակության ֆիքսած խախտումների հետեւից եւս գնալ եւ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնել:

«Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանել», – նշեց նա: Սակայն հետաքրքիր է, որ այս դեպքում լրատվամիջոցն անգամ համապատասխան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «այլ ծախսի» անվան տակ գումարներ դուրս գրվում, դրանից մաս է առանձնացվում, հավաքվում «սեյֆում»՝ անհասկանալի, թե ում համար, բայց ոստիկանությունը անհասկանալի դրդապատճառներով դա համարել է իրավաչափ, որոշել, որ հանցակազմ չկա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031