Լրահոս
Օրվա լրահոսը

Շահան Գանտահարյան. Որքան գերլարվի իրավիճակը այնքան Իրանի սահմանամերձ երկրները հայտնվում են ամերիկյան տեսադաշտում շրջափակման օղակը սեղմելու ուղղությամբ.

Հունվար 10,2020 01:05

Տարածաշրջանային մակարդակում տարին սկսվեց նոր փուլի նախանշային իրադարձությամբ: ԱՄՆ-Իրան առճակատման հարաբերություններում գերլարված իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ նախագահի հրահանգով Իրաքում իրանցի զորավարի սպանությամբ:

Այնուհետեւ կատարված հայտարարությունները, մեղադրանքները, կարմիր գծերը հատած հաստատումները, դատապարտանքները մտածել են տալիս մի քանի ուղենշային երեւույթների մասին:

Հակադարձ գործողությունը անպայման պիտի ձեռնարկվեր: Իրաքում ամերիկյան հենակետեր հարվածելու Իրանի պատասխանը անխուսափելի էր: Վաշինգտոնը արդեն խորհրդանշական թիվ հայտարարել էր շարունակական գործողությունների: Թվում էր, որ ուղղակի առճակատման փոխարեն կողմերը ընտրել էին երրորդ տարածքների վրա ռազմական հակամարտությունը շարունակելու կարելիությունը: Այս դեպքում գլխավոր մարտադաշտը Իրաքն է: ԱՄՆ նախագահի ուղերձը որոշակիորեն փոխեց կանխատեսումնային վերլուծաբանության ուղղությունը: Շեշտը դրվում էր տնտեսական պատժամիջոցները շարունակելու վրա․ ռազմական հարվածների սպառնալիքը հայտնաբար փոխարինվել էր ավանդական պայքարի տարբերակով: Սա չի ենթադրում անշուշտ, որ ռազմական ընտրանքը բացառվել է։ Գրոհ-հակագրոհ երեւույթին կարող ենք ականատես լինել՝ միշտ նկատի ունենալով երրորդ տարածքի տեսությունը:

Իրանյան գլխավոր թիրախը Միջին Արեւելքում ռազմական գործողությունների ընդհանուր համակարգողն էր: Այլ խոսքով, իրանյան ազդեցության գոտիներ հիմնական ձեւավորողը, որ շատ անգամ խոչընդոտել էր աշխարհագրական նույն տարածքում ամերիկյան ծրագրերի առաջադրանքների իրականացումը:

Ամերիկյան թիրախները, ուրեմն նույն տարածաշրջանում իրանյան ազդեցության գոտիներն են: Այդ գոտիներից է համարվում Լիբանանը, որտեղ Հեզբոլլա կուսակցությունը ընկալվում է իբրեւ իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանումը: Իրանամետ կուսակցությունը փաստորեն հրապարակել է ռազմական նոր առաջադրանք` տարածաշրջանից ամերիկյան ուժերի հեռացումը:

Առաջին հերթին Իրաքից ամերիկյան ուժերի հեռացումը կարող է վերածվել բազմակողմ օրակարգի: Հեռացման որոշումը, սակայն ամենայն հավանականությամբ կկայանա ցնցումնային դիպաշարերի հետեւողությամբ:

Բացի լիբանանյան ռազմահարթակից, աշխարհագրական հարեւանությամբ առնչություններ են ստեղծվում նաեւ Հայաստանի հետ: Որքան գերլարվի իրավիճակը այնքան Իրանի սահմանամերձ երկրները հայտնվում են ամերիկյան տեսադաշտում շրջափակման օղակը սեղմելու ուղղությամբ: Պաշտոնական Երեւանի հայտարարությունը ըստ էության փոխլրացուցիչ, հավասարակշիռ քաղաքականության եւ բազմակողմ դիվանագիտության հիմնադրույթները նկատի է առել։ Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Իրանի արտգործնախարարը ի՛նքը նախաձեռնել է հեռաձայնային հաղորդակցություն հաստատել իր հայ գործընկերոջ հետ:

Վաշինգտոնը հայաստանյան իր դեսպանության ճանապարհով, Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ հաստատելու միջոցին հայտարարել էր, որ հասկանալի է գտնում Իրան-Հայաստան առեւտրական կապերի շարունակումը: Թե՛ Երեւանից եւ թե՛ Ստեփանակերտից հնչած հայտարարությունները անպայման նկատի կունենան մի կողմից սահմանամերձ Իրանի կենսական նշանակություն ունեցող բաց դռան հանգամանքն ու Թեհրանի հավասարակշիռ դիրքորոշումը՝ արցախյան հակամարտության առումով, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական գլխավոր ուժ Վաշինգտոնի հետ գոյություն ունեցող բազմակողմ հարաբերությունների ԱՄՆ-ի միջնորդ համանախագահ լինելը։

Շահարկումները, հետեւաբար, անընդունելի են: Առավելություններ արձանագրելու համար հայկական առնչություններ շրջանառության մեջ դնելը` իշխանություն-ընդդիմություն պայքարից շատ հեռու, ուղղակի կարող են վնասել պետական շահերին։

Սլաքները պետք է ուղղել մյուս երկու հարեւանների ուղղությամբ: Փորձել նկատել հետագա իրավիճակային այն նեղ պայմանները, որոնց կարող են մատնվել թե՛ Անկարան եւ թե՛ Բաքու՛ն, իրանաամերիկյան հակամարտության հավելյալ թեժացման հանգրվաններին: Երրորդ տարածքներ օգտագործելու իրողությունը կարող է չբացառել ամերիկյան ռազմահենակետեր կամ վերահսկողական կետեր Ադրբեջանում տեղադրելու պահանջը: Բաքուն կարող է հայտնվել այս անգամ ոչ թե միայն Իրանի եւ ԱՄՆ-ի, այլ ԱՄՆ-ի եւ Մոսկվայի աքցանում:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031