Լուրեր են տարածվում, որ Վլադիմիր Կարապետյանից հետո աշխատանքից ազատվելու է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Վերջինս ասաց. «Շարունակում եմ աշխատել, ամեն ինչ բնական ընթացքով գնում է, ոչ մի խնդիր չկա»: Նա նաեւ հերքեց տարածված լուրերը, թե հնարավոր է փոխարինի Վլադիմիր Կարապետյանին՝ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում:
Մովսիսյանին եւս մի քանի հարց ուղղեցինք՝ ՊՈԱԿ-ի աշխատանքի հետ կապված.
– Պարոն Մովսիսյան, նախկինում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կազմում կային ֆեյք էջեր վարող աշխատակիցներ, որոնք զբաղված էին ազատ մամուլի հրապարակումները եւ ընդդիմադիր գործիչների աշխատանքները սեւացնելով: Կառույցը նույնիսկ հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անունով: Հիմա կա՞ն նման աշխատակիցներ, որոնց գործառույթը ֆեյք էջ վարելն է:
– ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի, նման գործունեությամբ չի զբաղվում: Դա բացառվում է միանշանակ: Դա պրոֆեսիոնալ գործունեությանը դեմ է: Իսկ թե նախկինում եղել են ՊՈԱԿ-ում ֆեյքեր, թե չէ, նաեւ ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից, ներկայիս պատգամավոր Տաթեւ Հայրապետյանն է հայտարարել, որ այո ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, կարող եք իր հետ խոսել այդ մասին: Ես ՊՈԱԿ-ում աշխատանքի եմ ընդունվել հեղափոխությունից հետո, հեղափոխությունից հետո նման բան չկա:
Կարդացեք նաև
– Համացանցում նկատելի է, որ իշխանության դեմ աշխատող ֆեյքեր կան: Հնարավո՞ր է, որ դուք կամ ՊՈԱԿ-ի ավելի հին աշխատողները ճանաչում են նրանցից ոմանց՝ որպես նախկինում այդ ՊՈԱԿ-ում աշխատողների:
– Ես առանձնապես չեմ արժեւորում ու կարեւորում ֆեյքերի գործունեությունը, որպեսզի դա հասկանամ, ու կարծում եմ՝ տեսնում եք, որ երբ ֆեյքերի գործունեության հետ կապված Ազգային անվտանգության խնդիր է լինում՝ ԱԱԾ-ն շատ հեշտությամբ բացահայտում է, թե ովքեր են այդ մարդիկ: ՊՈԱԿ-ը նման գործունեությամբ չի զբաղվում, ոչ էլ գուշակությամբ ենք զբաղվում, թե ով ով է:
– Պարոն Մովսիսյան, ի՞նչ է անում ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը ապատեղեկատվական հոսքերին դիմագրավելու համար:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Լինում է ընթացք, երբ որ մի անձի, մի երեւույթի նկատմամբ տեղեկատվական հոսք է սկսվում, որի ճիշտ կամ սուտ լինելը հասարակ քաղաքացին դժվարանում է տարբերակել: Ձեր անձի մասով եւս նույնն է տեղի ունենում այս օրերին: Նման դեպքերում ի՞նչ է անում ՊՈԱԿ-ը:
– Անցած տարվա ընթացքում մեր կառույցը ստեղծեց տեղեկատվության ստուգման կենտրոնը, որն ակտիվորեն արձագանքում է, երբ որ ապատեղեկատվություն է հրապարակվում, իհարկե միայն Կառավարության եւ նախարարությունների գործունեության մասով: Տեղեկատվության ստուգման կենտրոնը ունի նաեւ կայք (https://infocheck.am/am): Այնտեղ պարբերաբար հրապարակումներ են լինում, ամփոփումներ են լինում տարածվող ապատեղեկատվությունների մասին, դրանք նաեւ լրատվամիջոցներին են ուղարկվում:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում