Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք մեզ պե՞տք են նոր «սուսլովներ»

Հունվար 10,2020 10:00

Իմ պատանեկության տարիներին՝ 1970-ական թվականներին, խորհրդային քարոզչության գլխավոր պատասխանատուն էր Կենտկոմի «գաղափարախոսության գծով» քարտուղար Միխայիլ Սուսլովը: 70-ն անց մարդ էր, բավականին նեղ մտահորիզոնով, սահմանափակ գիտելիքներով, ակնհայտորեն գտնվում էր գաղափարախոսության, մշակույթի, գրաքննության մասին ստալինյան պատկերացումների շրջանակներում: Լճացման տարիներին հասարակական կյանքի բոլոր դրսեւորումներն էին ձանձրալի, այդ թվում՝ «գաղափարախոսական մաքրությանը» հետեւող գլխավոր պաշտոնյան:

Անկախ Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում դարձյալ կային կառույցներ, որոնք զբաղվում էին ներքին քարոզչությամբ: Որպես 1-ին նախագահի երբեմնի մամուլի քարտուղար՝ կարող եմ վկայել, որ այդ հարցերն ամենաքիչը հետաքրքրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կդժվարանամ անգամ ասել՝ արդյոք նման մոտեցումը ճի՞շտ էր, թե՞ սխալ:

Քոչարյանի ժամանակներից գրաքննությունը ձեռք բերեց «համակարգված» բնույթ: Օրինակ, եթե որեւէ հեռուստաընկերություն ստանդարտից դուրս ձեւերով էր լուսաբանում 1-ին դեմքի ժապավեն կտրելու արարողությունները, կամ առավել եւս՝ եթեր էր տալիս «չարտոնված» ընդդիմադիրին, ապա այն «խիստ նկատողություն» էր ստանում Բաղրամյան 26-ից՝ անկախ Հայաստանի «սուսլովներից»:

2018 թվականի հեղափոխությունից հետո այդ երեւույթները բարեբախտաբար վերացել են: Հեռուստատեսային եթերն այդ առումով ազատ է, եւ դա չնկատելու համար պետք է, հավանաբար, լինել ներկա իշխանությունների սկզբունքային «չուզողը»: Փոխարենը կա այլ երեւույթ: Համացանցում իշխանության գործունեության մասին ցանկացած բացասական կամ քննադատական հիշատակում, ինչպես նաեւ ցանկացած ընդդիմադիր գործչի ելույթ կամ հարցազրույց ենթարկվում է զանգվածային հարձակման: Ոմանք պնդում են, որ այդ հարձակումները կազմակերպված են եւ ուղղորդված, ու դրանց հետ ինչ-որ առնչություն ունի կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոնը: Հիմա, երբ աշխատանքից ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարը, իսկ դրա պատճառները, ինչպես որ դա սովորաբար լինում է, չեն հայտարարվում, այս կասկածները, այսպես ասած, թարմացել են:

Այդ ամենի հակաթույնը հայտնի է. թափանցիկ դարձնել պետական բոլոր, այդ թվում՝ վերը նշված կառույցների  աշխատանքը, պաշտոնների նշանակման ու ազատման պատճառները: Կարծում եմ, նաեւ, որ պետությունն ընդհանրապես չպետք է զբաղվի ներքին քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ, «սուսլովների» ժամանակն անցել է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «պետությունն ընդհանրապես չպետք է զբաղվի ներքին քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ»
    Երբ ասում եք պետությունը, ի՞նչ նկատի ունեք կամ ու՞մ:
    Ո՞վ պետք է զբաղվի պետության, ազգի և պետականության գաղափարախոսությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031