Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո, Դիլիջանում վարձակալել ենք տարածք եւ ճիշտ ենք արել». Արա Բաբլոյան

Հունվար 09,2020 17:46

«Այո, Դիլիջանում վարձակալել ենք տարածք եւ ճիշտ ենք արել, որ վարձակալել ենք: Պարզապես 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը խանգարեց շինաշխատանքները սկսել, ֆինանսավորման խնդիր առաջացավ, եւ մենք սառեցրել ենք ընկերության գործունեությունը: Բայց բոլոր վճարումները պատշաճ կատարված են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն`անդրադառնալով մամուլում աղմուկ բարձրացրած Դիլիջանի անտառների վարձակալների մասին հարցին:

Վարձակալների ցանկում է նաեւ «Ամարան-մեդ» ՍՊԸ-ն, որի 34 % բաժնեմասը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կնոջը՝ Մանուշակ Երիցյանին: Ընկերությունը 2007 թվականից 25 տարի ժամկետով վարձակալել է Դիլիջան ազգային պարկի անտառային հողերից 1 հեկտար` տարեկան 115 հազար դրամ վարձավճարով։ Տարածքը պատված է սոճիներով, գտնվում է Դիլիջանի ոլորաններից դեպի Կոմպոզիտորների ստեղծագործական տան ճանապարհին։ Վարձակալած տարածքում որևէ գործունեություն չի ծավալվել։

Մեզ հետ զրույցում Արա Բաբլոյանը մանրամասնեց`գործընթացը սկսվել է 2005 թվականի մայիսի 16-ից, երբ հիմնադրվել է ընկերությունը «…զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան, բժշկագիտական նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչության առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, բարձրորակ բժշկական սպասարկման, առողջապահական սանիտար-կուրորտային բուժման եւ հանգստի կազմակերպման նպատակով» եւ դիմել են այդ տարածքի վարձակալության համար, որպեսզի առողջապահական համալիր կառուցվի: Տարածքը, ըստ մեր զրուցակցի, հատուկ է ընտրվել, քանի որ որոշակի հիվանդությունների պարագայում խորհուրդ է տրվում հենց սոճուտի անտառային օդ:

Հողամասի գլխավոր հատակագիծը հաստատվել է 24. 05. 2006-ին, շինարարության թույլտվության պայմանագիրը կնքվել է 2007-ի հունիսի 27-ին:
«Եթե խնդիրը վարձակալման չափի մեջ է`115 հազար դրամ, ապա վճարել ենք այնքան, որքանով ժամանակին պետությունը տվել է մեզ տարածքը: Ավելի թանկ գնով կտրամադրվեր, ավելի թանկ կվճարեինք»,- ասում է մեր զրուցակիցը` հիշեցնելով, այդ ժամանակահատվածում, երբ գործընթացը սկսվեց 2005-2006 թ.թ. ինքը պետական պաշտոն չի զբաղեցրել: Հարցին էլ`գուցե Ձեր ընկերական, նախկին պաշտոնեական կապերն եք օգտագործել ցածր գնի համար, պատասխանեց. «Մենք վճարել ենք այնքան, որքան հաստատված գներն են: Վարձակալությունները կանոնակարգվում են օրենքներով եւ կառավարության որոշումներով: Երբ գներն օրենքով կփոխվեն եւ օրենքը հետադարձ ուժ կունենա, մենք բոլոր վճարումները պատրաստ ենք կատարել: Բայց այդ ամենը օրենքով պետք է կանոնակարգվի, ոչ թե հեռուստատեսային էմոցիոնալ ռեպորտաժներով»:

Դիլիջանում գործունեության համար, այլ ընկերություն է գրանցվել, քանի որ, ըստ Արա Բալոյանի, մեծ ներդրումներ պետք է լինեին եւ այդպիսով հնարավորություն էր ընձեռվում ներդրողին`վերահսկողություն իրականացնելու համար:

Ի դեպ, «Արաբկիր» բժշկական կենտրոնը Սեւանի ափին էլ ունի վարձակալած տարածք, շինարարությունը շուտով կավարտվի, կրկին առողջապահական համալիր է կառուցվում: Եւ դա միակը չէ: Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ, «Արաբկիր» բժշկական համալիրը ժամանակին նաեւ Ալավերդիում է մանկապարտեզի բակի մի մասը վարձակալել, որտեղ վերականգնողական կենտրոն կառուցելու մտադրություն է եղել, վարձակալել են նաեւ տարարծքներ Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում , Իջևանում, Արտաշատում, Արմավիրում, որտեղ ստեղծվել են մանկական վերականգնողական կենտրոններ:

«Ոչ ոք չի խոսում այն մասին, որ Արա Բաբլոյանը Հայաստանում առաջինը ստեղծեց մանկական վերականգնողական արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող կենտրոնների ցանց` Երեւանում եւ Հայաստանի յոթ տարբեր համայնքներում: Տարածքների մեծ մասը վարձակալված են: Վարձակալված տարածքների մի մասը`արդեն ստեղծված կենտրոններով, վերանորոգված, կահավորված, 10-15 տարի աշխատացրած մասնագետներին ոտքի կանգնեցրած`տվեցինք մարզպետարաններին, որովհետեւ այդ կենտրոնները ոչ թե Արա Բաբլոյանին էին պետք, այլ հասարակությանը, այն երեխաներին, որոնք զարգացման հապաղումներ ունեն: Դա արվում էր, որպեսզի մարդիկ հեռավոր շրջաններից իրենց երեխաներին չբերեն Երեւան: Այս պահին նաեւ Իջեւանում ունենք հիվանդանոցից վարձակալած տարածք, որի վրա շենք ենք կառուցել եւ վերականգնողական կենտրոն ստեղծել, մեծ ներդրումներ են իրականացվել»,- ասաց մեր զրուցակիցը` պարզաբանելով, որ պետական բյուջեի մասնակցությունն այս ծրագրերում դրսեւորվում է ծառայություններն անվճար մատուցելու փուլում:

Ապարանի լճի ափին էլ ստեղծվել է ամառային առողջարան այն երեխաների համար, որոնք որևէ այլ ճամբար չեն կարողանում հաճախել: Խոսքը դիաբետով, էպիլեպսիայով, մանկական ուղեղային կաթվածով, աուտիզմով, լսողական, ֆիզիկական, մտավոր և այլ հապաղումներ ունեցող երեխաների մասին է:

«Վերականգնողական և առողջարանային ծառայությունները կազմակերպելիս ֆինանսավորման մի մասը տալիս է պետությունը, իսկ պակասորդը հատուցում է «Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը: Եթե այդքան հեշտ լիներ եւ միայն պետական ռեսուրսով հնարավոր լիներ, ապա բազմաթիվ նմանատիպ առողջարաններ կկառուցեին եւ բոլոր երեխաները կհաճախեին, ինչո՞ւ է միայն 120 երեխա գալիս «Արաբկիր» համալիրի առողջարանային ճամբարը: Ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ Ապարանի ճամբարի տարածքի հարևանությամբ գտնվող տարածքը`ճամբարի տարածքից ավելի մեծ` 3,7 հա համայնքի ղեկավարության խնդրանքով վարձակալվել է , որպեսզի ծառերը չկտրվեն և անտառը պահպանվի: Եվ մենք վճարել ու մինչ օրս վճարում ենք այդ գումարները՝ չօգտագործելով այդ տարածքը»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ չորս համայնքներում վերականգնողական կենտրոնները, որոնք վերադարձրել են մարզպետարաններին, վերադարձրել են ոչ թե հիմա, այլ մի քանի տարի առաջ: Միայն Արմավիրի կենտրոնի վերադարձի վերջնական պայմանագրերն են ավարտին հասցվել այս տարի:

Մեր զրուցակցի համար անհասկանալի է, որ հանրային առողջապահության խնդիրների մեջ չեն խորանում եւ չեն փորձում հասկանալ` ինչն ինչի համար է:

Արա Բաբլոյանը առողջապահական և սոցիալական ոլորտում իր գործունեության հետ կապված խնդիր է տեսնում. «Առիթից օգտվելով դիմում եմ վարչապետին` տեղեկացնելով, որ Երեւանի թիվ 92 եւ Գավառի թիվ 5 մանկապարտեզները, որտեղ շուրջ կես միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվել շնորհիվ նրա, որ Արա Բաբլոյանը հեղինակել է զարգացման հապաղումներ ունեցող երեխաների ինտեգրման ծրագիրը, անուշադրության են մատնված: Ավելին, հիշեցնեմ, երբ Գավառի մանկապարտեզում դեռ շինարարություն էր ընթանում եւ սոցապ նախարարությունը նախատեսված բյուջեն` 12 միլիոն դրամ, կտրել էր, անձամբ եմ վարչապետին խնդրել`պահպանել ֆինանսավորումը`բացատրելով խնդրի կարեւորությունը: Իր հանձնարարությամբ գումարը վերականգնվեց եւ հիմա, չգիտես ինչու, այդ երկու մանկապարտեզների համար նախատեսված բյուջեները հանվել են: Ես ուզում եմ հասկանալ`իսկ ո՞ւր պիտի հաճախեն այդ երեխաները կամ նրանցից հետո եկող երեխաները ո՞ւր պիտի հաճախեն: Եթե ընդամենը հաճելի չէ, որ ծրագիրը Արա Բաբլոյանն է մշակել, ապա ի՞նչ պետք է պատասխանենք այն միջազգային եւ տեղական կազմակերպություններին, որոնք նպատակային ներդրումներ են արել»: Ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը», որը գումարի մեծ մասն է տրամադրել, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Ջինիշյան» հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, «Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը և ԱրԲեՍ առողջության կենտրոնը: Վերջինս, մեր զրուցակցի հավաստմամբ, ոչ ադմինիստրատիվ, ոչ էլ ֆինանսական կապ չունի ծրագրի գործունեության հետ, այլ ունի միայն` ուսուցողական, զարգացման և մասնագիտական վերահսկման ազդեցություն:

«Բարեբախտաբար, թե Գավառի, թե Երեւանի քաղաքապետերը, թե առողջապահության նախարարը շատ լավ են հասկանում այդ մանկապարտեզների կարեւորությունը, ցավում եմ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դեմ է գնում ծրագրին եւ մանկապարտեզներին զրկում է համաֆինանսավորումից: Ու հավանաբար նման բաների պատճառով է նախարարը ռեյտինգային համակարգում վերջից երրորդ տեղը զբաղեցնում կառավարության անդամների շրջանում, չկարողանալով հավաքել անգամ ձայների 1 տոկոսը: Ի հակառակ դրան` Արսեն Թորոսյանը, Դավիթ Անանյանը, Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը գնահատված են ժողովրդի կողմից»,- ասաց Արա Բաբլոյանը` շարունակելով. «Երբ ես վարչապետին խնդրեցի ֆինանսավորման համար, տեղեկացրեցի, որ ներդրումներ են արվել, շինարարություն է գնում եւ ասացի ավարտի մասին տեղյակ կպահեմ ու առաջարկեցի, որ ավարտից հետո միասին բացման արարողությունը կատարենք: Երբ ես պաշտոնից դուրս եկա, երկու կամ երեք ամիս անց, զանգահարեցի վարչապետին, խոսեցինք, ասացի ուզում եմ հանդիպել, որպեսզի որոշ հարցեր քննարկենք: Ասաց`շատ լավ, հիմա զբաղված եմ, Ձեզ հետ կկապնվեմ: Մինչև օրս այդ հանդիպումը ցավոք դեռ չի կայացել: Այսօր ինձ ավելի շատ հետաքրքրում է` կլինի՞ այն աջակցությունը, որն այնքան անհրաժեշտ է այդ երեխաներին ու այդ մանկապարտեզներին: Եվ այն գործընկերները, որոնք նման ծրագրերում ներդրումներ են արել, այսուհետ կունենա՞ն վստահություն եւ կշարունակեն նպատակային ներդրումները, թե՞ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ապագան դեռ հայտնի չէ»:

Մեր զրուցակիցը ուրախ կլիներ, եթե վարչապետը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակից մասնագետ հրավիրեր ու հետաքրքրվեր այդ մանկապարտեզների անհրաժեշտության մասին, ապա նաեւ Երեւանի, Գավառի քաղաքապետերի, առողջապահության նախարարի և այլ պատասխանատու անձանց հետ խորհրդակցություն անցկացներ ու համոզվեր, որ ծրագիրը հիմնված է երեխաների իրավունքների և ՄԱԿ-ի կոնվենցիայի չափանիշների վրա, իսկ ինքը ուղղակի մի փոքր զարգացրել ու տեղայնացրել է: Կրկնում է` ծրագիրը շատ կարեւոր է ու այդ մասին հորդորում է խոսել նաեւ ՌԴ-ից վերադարձած եւ Գավառում բնակարան վարձակալած այն ընտանիքի հետ, որը հենց վերականգնողական կենտրոնի եւ մանկապարտեզի համար է վերադարձել Հայաստան. «Թող խոսեն եւ տեսնեն, թե ինչպե՞ս են պաշտպանված և երեխաների, և նրանց ծնողների իրավունքները, որոնք կարողանում են այլ երեխաներ ունենալ, աշխատել, ընտանեկան հոգսերով զբաղվել: Ես զարմանում եմ, որ այս ամենը կարելի է կապելԱրա Բաբլոյանի անվան հետ եւ դադարեցնել ֆինանսավորումը»:

Ինքն էլ պատրաստ է մասնակցել քննարկմանը եւ պաշտպանել-հիմնավորել իր տեսակետը. «Ցավալի է կիսատ թողնել մի բան, որը ստեղծվել է եւ տարիներ շարունակ տվել է դրական արդյունքներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ անտառային տարածքների վարձակալության 1 հա արժեքը սկսվում է 300000 դրամից՝ ըստ Հայանտառի տնօրենի տեղակալի: Ինչպես են վարձակալել 2.5 անգամ ավելի ցածր գներով, կարծում եմ բոլորիս էլ պարզ է: Չի կարելի, կամ ազնիվ չէ սեփական բիզնեսի ընդլայնման քայլերը ներկայացնել որպես հանրության բարօրությանն ուղղված քայլեր: Ազնիվ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031