Լուսանկարներում Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա պողոտայի վրա՝ թատրոնի դիմաց գտնվող սպասարկման օբյեկտներ են՝ հագուստի, կոշիկի խանութներ, սրճարաններ։ Վերջիններս համատարած վաճառողներ ու մատուցողներ են փնտրում։ Թե ո՞րն է պատճառը՝ մի՞թե համապատասխան աշխատուժ չկա Գյումրիում կամ միգուցե նորմալ վարձատրություն, այս հարցի շուրջ հետաքրքրվեցինք խանութատերերից մեկից։
«Լեոն» խանութի սեփականատերը նշեց սակայն, որ աշխատող փնտրում են իրենց նորաբաց սննդի խանութի համար, հայտարարություն տալու պատճառը հենց դա է։ Ըստ գործատուի, աշխատելու ցանկություն ունեցողները շատ են, սակայն ամեն ոք չէ, որ կկարողանա աշխատել, անհրաժեշտ է բանիմաց ու ճարպիկ լինել։
Զբաղվածության պետական գործակալության էջում տեղադրած թափուր աշխատեղերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն էլ, հավաքարարինը, վաճառողինը, մատուցողինը Գյումրիում ամենապահանջված աշխատանքներից են։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, վաճառողի աշխատավարձը Գյումրիում ՝ 75-ից 80 հազար դրամ է, իսկ աշխատանքային ժամերը՝ 9․00-16․00 կամ 16․00-ից մինչև 23․00։
Մատուցողին Գյումրիում 75 000-ից մինչև 100 000 դրամ աշխատավարձ են առաջարկում՝ աշխատանքային ժամեր սահմանելով առավոտվա 10-ից մինչև 20․00-ը կամ 22․00-ն։ Մեծամասամբ լեզուների իմացությամբ մատուցող է պահանջվում։
Պահանջված մասնագիտություններից է նաև խոհարարինը, ինչը ևս ապացույցն է այն բանի, որ Գյումրին դառնում է տուրիստական քաղաք։
Սակայն, մատուցողից, խոհարարից, վաճառողից առավել այս քաղաքը բուժաշխատողների կարիք ունի, որքան էլ ցավալի է, մարզերը համապատասխան բժիշկ կադրերով համալրելու հարցը կարծես այդպես էլ անլուծելի է մնում։ Թափուր աշխատատեղերի ցանկում ընթերցում ենք, որ պահանջվում է անոթային վիրաբույժ՝ 78 հազար դրամ աշխատավարձով, բժիշկ- նյարդավիրաբույժ՝ դարձյալ 78 հազար դրամ աշխատավարձով, բժիշկ -անեսթեզիոլոգ՝ 85 հազար դրամ աշխատավարձով, բժիշկ-լաբորանտ, բժիշկ-նյարդաբան, բժիշկ-ռեանիմատոլոգ, բժիշկ-գինեկոլոգ, բժիշկ-մանկաբույժ։
Մեծ թվով աշխատատեղեր կան նաև բուժքույրերի ու դեղագործների համար, որոնց աշխատավարձը տատանվում է 75 000-ից մինչև 95 000 դրամ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ